Ամերիկյան Warner Chappell Music ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել բրիտանացի երաժիշտ Դեյվիդ Բոուիի բոլոր երգերի իրավունքները. հայտնում է Variety-ն:
Համաձայնագիրը ստորագրվել է մի քանի ամիս տևած բանակցություններից հետո: Ընկերությանը ձեռք է բերել Բոուիի երգերը՝ 26 ալբոմներից, որոնք ստեղծվել են երաժշտի կարիերայի 60 տարիների ընթացքում, մասնավորապես՝ Heroes, Changes, Space Oddity, Fame, Let’s Dance, Rebel Rebel:
Երաժշտի ընտանիքը ներկայացնող փաստաբան Ալեն Գրուբմանը իր ուրախությունն է հայտնել, որ Դեյվիդ Բոուիի երաժշտությունը Warner Chappell Music-ի «ապահով ձեռքերում է»:
Դեյվիդ Բոուին ոչ միայն գրել է երաժշտություն, այլև նկարահանվել է ֆիլմերում, եղել է երաժշտական խմբերի պրոդյուսեր (70-ականների սկզբին Բոուին համագործակցել է Լու Ռիդի, ինչպես նաև Իգի Փոփի և նրա The Stooges խմբի հետ), թողարկել է իր ալբոմները 136 մլն տպաքանակով, 11 անգամ առաջադրվել է Գրեմմիի և մեկ անգամ շահել այն:
Դեյվիդ Բոուին մահացել է 2016 թվականի հունվարի 10-ին՝ Blackstar ալբոմի թողարկումից մի քանի օր անց: