Աշխարհի նորընծա չեմպիոն, Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Անխել դի Մարիան խոսել է իր նախկին ակումբակից, ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի մասին:
«Ֆրանսիայում մեծ պատասխանատվություն է դրված Մբապեի ուսերին: Ժողովուրդը, նախագահը, ՊՍԺ-ն նրան համոզեցին մնալ այն ժամանակ, երբ ցանկանում էր հեռանալ: Նրանք մեծ իշխանություն են տվել Կիլիանին այն դեպքում, որ նրա կողքին խաղում է պատմության լավագույն ֆուտբոլիստը:
Դա արվեց, քանի որ նա ծնվել է այդ երկրում, հաղթել է աշխարհի առաջնությունում և հանճարեղ կարիերա կունենա: Այս ամենի հետ Մբապեն շատ լավ տղա էր, երբ ես Փարիզում էի, ու չեմ կարծում, թե նա շատ է փոխվել»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսին Կիլիան Մբապեն մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, սակայն գերադասեց ևս երեք տարով երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:


