Logo

Դմիտրի Գունկո. «Հասկանում ենք, որ առանց Իվուի ենք անցկացնելու առաջիկա խաղը»

22:25 / 17.07.2023Ֆուտբոլ
Դմիտրի Գունկո-22

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման նախախաղային ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին: 

«Վստահ եմ՝ բարդ խաղ կլինի: Մրցակցի ուժեղ կողմերը զգացինք նախորդ հանդիպմանը: Մեր խնդիրը լավ ֆուտբոլ ցուցադրելն ու դրական արդյունքի հասնելն է: Ֆիզիկապես պատրաստ ենք, դա երևաց նաև տնային խաղում: Միջմրցաշրջանային պատրաստությունը հաջող ենք անցկացրել: Մի քանի անգամ դիտել ենք մրցակցի խաղերը, ծանոթ ենք թիմի փիլիսոփայությանն ու խաղաոճին: Կառանձնացնեի հարձակվողին, վինգերներին ու եզրային պաշտպաններին, որոնցից մեկը երկար տարիներ խաղում է «Զրինսկիիում»:

Մեր թիմից հեռացել է առաջատարներից մեկը՝ Ուգոչոկվու Իվուն, որը համակարգող ֆուտբոլիստ է: Հասկանում ենք, որ առանց նրա ենք անցկացնելու առաջիկա խաղն ու գալիք հանդիպումները: Մեզ համար դա անսպասելի չէր, և գիտենք՝ ինչպես պետք է գործենք:

Մոստար քաղաքի մասին կարող եմ ասել միայն դրական խոսքեր, մեզ լավ են ընդունել: Վաղը կցանկանայի տեսնել որակյալ խոտածածկ»,- նշել է ռուս մասնագետը:

Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում կայանալիք հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ