Անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը 9 տարի «Էվերթոնում» անցկացնելուց հետո սոցցանցերում կատարած գրառմամբ հայտարարել է, որ հեռանում է թիմից: Հուլիսի 1-ին 28-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կստանա:
«Այս ակումբում 9 հրաշալի տարիներից հետո ես աներևակայելի դժվար որոշում եմ կայացրել ընտանիքիս հետ՝ սկսելու իմ կարիերայի նոր գլուխը։
Սա այն որոշումը չէ, որ ես թեթևությամբ եմ ընդունել։ «Էվերթոնն» իմ տունն է եղել 19 տարեկանից։ Դա մի ակումբ է, որը տեսել է իմ մեջ ներուժ, մարտահրավեր է նետել ինձ աճելու և ձևավորել է ինձ որպես ֆուտբոլիստ և որպես անձնավորություն։
Առաջ շարժվելու այս որոշումը միայն իմը չէր. դա որոշում էր, որի մասին ես և իմ ընտանիքը երկար ժամանակ միասին մտածել ենք։
Մենք կարծում ենք, որ հիմա ճիշտ ժամանակն է նոր մարտահրավեր փնտրելու և շարունակելու աճը, բայց դա չի նվազեցնում այն կապը, որը ես միշտ կունենամ «Էվերթոնի» հետ», - գրել է խաղացողը:
Կալվերտ-Լյուինն «Էվերթոնում» անցկացրել է 273 խաղ, խփել 71 գոլ և կատարել 22 ասիստ:


