ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության մասին:
«Ես շատ լայն հայացքներով մարդ եմ: Սակայն այն, ինչ նրանք արեցին, խայտառակություն էր»,- Դոնալդ Թրամփի խոսքը մեջբերում է Fox News-ը:
Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի կազմակերպիչները քննադատության թիրախում էին հայտնվել բացման արարողությանը սկանդալային տեսարանի (Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակում) համար: Շատերի կարծիքով, դա անարգանք էր քրիստոնյաների հանդեպ: Բացի այդ, բացման արարողության ժամանակ Հարավային Կորեայի պատվիրակությունը ներկայացվել էր որպես Հյուսիսային Կորեայի թիմ, իսկ օլիմպիական դրոշը թարս էր բարձրացվել, ինչը չէր շտկվել:
Պատմության մեջ առաջին անգամ քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացումը չէր անցկացվել ստադիոնում։ Պատվիրակությունների շքերթը կայացել էր Սեն գետում:


