Դորտմունդի «Բորուսիան» հրապարակել է տեսանյութ, որում թիմի նախկին ֆուտբոլիստները հրաժեշտի խոսքով դիմել են գերմանական գրանդից հեռացած Մարկո Ռոյսին:
Տեսանյութում գերմանացուն դիմել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ հանդես է գալիս Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կազմում:
«Ցավալի է լսել, որ այսքան տարի անց հեռանում ես Դորտմունդի «Բորուսիայից»։ Դու ակումբի խորհրդանիշն էիր, այս թիմի համար ամեն ինչ էիր։ Բայց քո ճանապարհորդությունը շարունակվում է: Մաղթում եմ ամենայն բարիք կյանքի հաջորդ գլխում: Շնորհակալություն, շուտով կտեսնվենք իմ ընկեր»,- ասել է 35-ամյա կիսապաշտպանը:
Մխիթարյանն ու Ռոյսը միասին «Բորուսիայում» խաղացել էին 2013-2016 թվականներին:
Հիշեցնենք, որ 35-ամյա Ռոյսը «Բորուսիայի» գույները պաշտպանում էր 2012 թվականից, անցկացրել է 429 խաղ, խփել 170 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում: