Logo

«Դու կախարդ ես, Հարի». Քեյնի 3 «փաստարկները» մեծության ճանապարհին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
15:00 / 13.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Տասից տասներկու տարի առաջ քչերը կարող էին պատկերացնել, որ «Տոտենհեմի»՝ շարքային թվացող, անհատական տվյալներով առանձնապես չփայլող Հարի Քեյնը կդառնա մեր օրերի մեծագույն հարձակվողներից մեկը: Քեյնը բարձրահասակ էր, արագ ու ճկուն չէր, նրա խաղին հետևելը wow զգացում չէր առաջացնում, տեխնիկական հմտությունների մասին խոսք չկար: Բայց անգլիացին ուներ 2 առանցքային որակներ, որոնց վրա կառուցեց իր խաղն ու կարիերան. առաջինը՝ գոլային բացառիկ հոտառությունն էր, երկրորդն այդ ժամանակ դեռ տեսանելի չէր՝ խաղային բարձր ինտելեկտը: 

Քեյնը տարիներ շարունակ հղկեց իր լավագույն կողմերը, բացահայտեց նոր որակներ: Նա այժմ ոչ միայն աշխարհի լավագույն հարձակվողներից է, այլև լավագույն ֆուտբոլիստներից: 32 տարեկանում Հարին իր խաղամակարդակի գագաթնակետին է, ու առջևում կան բազմաթիվ մարտահրավերներ, բազմաթիվ դեբատներ, որոնցում նա կարող է հաղթել իր հեռակա մրցակիցներին և կարիերան ավարտել՝ որպես ֆուտբոլային մեծություն:

Արդյունավետության «կենդանական» ռեժիմ

«Քեյնն իր սերնդի լավագույն հարձակվողն է», - ասում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը՝ հիմնվելով «Բավարիայի» ռմբարկուի արդյունավետության վրա: Հայտարարությունը համարձակ է հնչում, բայց այն ունի առնվազն քննարկման առարկա դառնալու իրավունք: 

Քեյնը ոտք է մեկնում գոլային մեքենաների՝ Ռոբերտ Լևանդովսկիի ու Էռլինգ Հոլանդի հետ և որոշ վիճակագրություններում հաղթում է նրանց: Բունդեսլիգայում իր առաջին 68 խաղերում նա խփել է 72 գոլ (1 գոլ՝ միջինը 79 րոպեն մեկ անգամ), և այդ ցուցանիշով լավագույնն է առաջնության պատմության մեջ (Հոլանդից 1 գոլի համար պահանջվում էր 87 րոպե, Լևանդովսկիից՝ 100): Նա նաև ամենաարագն է եվրոպական թոփ-5 առաջնություններում հատել 100 գոլի սահմանը՝ գերազանցելով Հոլանդի ու Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: Քեյնը «Բավարիայում» 104 խաղում խփեց 100 գոլ, մինչդեռ Հոլանդն ու Ռոնալդուն իրենց ակումբներում 100 գոլի շեմը հատել են 105 խաղում:

Քեյնը նաև բացառիկ սառնասրտություն է ցուցաբերում 11-մետրանոցներ իրացնելիս: 18 անընդմեջ իրացումների շարք, որով Քեյնը մեկ այլ ռեկորդ գրանցեց Բունդեսում՝ շրջանցելով Լևանդովսկիին, Հանս-Յորգ Բուտին ու Մաքս Կրուզեին:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնն ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է՝ 18 գոլ 10 խաղում: Միջին արդյունավետությամբ անգլիացին գերազանցում է Մբապեին ու Հոլանդին, իսկ դինամիկայով՝ Ռոբերտ Լևանդովսկիի այն մրցաշրջանի թվերը, որտեղ նրան բոլորը «Ոսկե գնդակ» են «շնորհում»:

Ոչ միայն «9», այլ նաև «10 համար»

«Ես շատ քիչ բան կարող եմ ասել այն մասին, ինչ տեսնում են բոլորը: Ես ուզում եմ ձեր ուշադրությանն արժանացնել այն գործոնները, որոնք ակնհայտ չեն երևում: Նայե՛ք նրա խաղին՝ առանց գնդակի, նայե՛ք նրա պրեսինգին, նայե՛ք նրա փոխանցումներին, նրա տեղաշարժերին», - ասում է Վենսան Կոմպանին: 

Եվ, իսկապես, այսքան գոլ խփող հարձակվողը հասցնում է նաև կատարել բազմաթիվ այլ գործառույթներ, բայց սա նորություն չէ: Քեյնը «Տոտենհեմում» իր վերջին տարիներին արդեն դարձել էր թոփ փլեյմեյքեր, բայց ինչպես մյուս ասպեկտներում, այնպես էլ այս հարցում նա տարեց տարի ավելի լավն է դառնում: Ավելի պատկերավո՞ր եք ուզում. Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացնում է՝

- Քեյնի փոխանցումներից հետո թիմակիցները կատարել են 12 հարված. սա Բունդեսլիգայում 2-րդ լավագույն ցուցանիշն է,

- Քեյնը Բունդեսլիգայում 2-րդ ամենաշատ պահ ստեղծած ֆուտբոլիստն է՝ 14,

- Քեյնը միջին հաշվարկով 1 խաղում գնդակին հպվում է 45 անգամ, նրա փոխանցումների կեսից ավելին դեպի առաջ է, 16-ը՝ դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Համեմատության համար նշենք, որ առաջնության մյուս թոփ հարձակվող Սերու Գիրասիի փոխանցումների ուղիղ 50 տոկոսը դեպի սեփական կիսադաշտ է,

- Քեյնը յուրաքանչյուր խաղում վազում է նվազագույնը 11 կիլոմետր: 

Քեյնի խաղային քարտեզը՝

Քեյնի փոխանցումների քարտեզը՝

Այսպիսով՝ Քեյնը նաև թոփ կիսապաշտպան է, և այս հարցում էլ նա «մրցակցում» է Կարիմ Բենզեմայի ու Լուիս Սուարեսի հետ գոլային մեքենա լինելուց զատ կոմբինացիոն ֆուտբոլ ցույց տալու առումով:

Պատմության մեջ մեծագույն անգլիացի ֆուտբոլի՞ստը

Եվ, վերջապես, Քեյնը մասնակցում է Անգլիայի ֆուտբոլի պատմության մեջ լավագույնը լինելու դեբատին:

21-րդ դարում անգլիացի լավագույն ֆուտբոլիստ է համարվում Ուեյն Ռունին, որը 17 տարեկանում տպավորիչ նորամուտ ունեցավ Եվրո-2004-ում, ակումբային մակարդակում հաղթեց բոլոր խոշոր տիտղոսները (ԱՊԼ, ՉԼ և այլն), ազգային հավաքականում էլ 120 խաղում խփեց 53 գոլ: Բայց Ռունին Անգլիայի հավաքականի հետ մասնակցած 6 խոշոր մրցաշարերում չի կարողացել հաղթահարել քառորդ եզրափակիչը: Նա այն թիմի առաջատարն էր, որը սենսացիոն կերպով դուրս մնաց Եվրո-2008-ի հիմնական փուլից, Մունդիալ-2014-ին խմբից դուրս չեկավ, Եվրո-2016-ին պարտվեց Իսլանդիային: Քեյնը նույնպես չի կարող հպարտանալ տիտղոսներով, բայց գոնե 2 անգամ հասել է եզրափակիչ, 1 անգամ՝ կիսաեզրափակիչ: 

Բոլոր ժամանակների գահին դեռ բազմած է Բոբի Չառլթոնը՝ Անգլիայի հավաքականի ամենախոշոր նվաճման հերոսը: Քեյնը կարող է այս դեբատն էլ ավարտել, եթե ավագի թևկապով առաջիկա Մունդիալում «Եռառյուծներին» հասցնի բաղձալի չեմպիոնությանը:

Kane calls for calm but accepts England not good enough | beIN SPORTS

Ի դեպ, այդ տիտղոսը Քեյնի համար, ամենայն հավանականությամբ, կերաշխավորի նաև անհատական գլխավոր մրցանակը՝ «Ոսկե գնդակը». «Երբ «Տոտենհեմում» էի, զգում էի՝ էական չէ, թե քանի գոլ կխփեմ, կարևորը թիմային նվաճումներն են: Ես ուզում եմ հաղթել «Ոսկե գնդակը», բայց մրցակցությունը մեծ է: Պետք է հաղթել կա՛մ Չեմպիոնների լիգան, կա՛մ Մունդիալը, կա՛մ երկու մրցաշարերն էլ, այլապես նույնիսկ քննարկումներում չես լինի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ