Logo

Դուբլ ձևակերպած 3-րդ ֆուտբոլիստն ու գրանցված ամենախոշոր հաշիվը. Սուպերգավաթի հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:16 / 10.04.2025• Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Սուպերգավաթի մրցախաղում 4-0 խոշոր հաշվով հաղթելով «Փյունիկին», նվաճեց մրցաշրջան 2023/24-ի վերջին մրցանակը՝ յուրօրինակ դուբլ ձևակերպելով:

FastNews-ը Սուպերգավաթի հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.«Արարատ-Արմենիան» 3-րդ անգամ վիճարկեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր: Նախկինում «Արարատ-Արմենիան» Սուպերգավաթը նվաճել էր 2019թ.՝ Վարդան Մինասյանի օրոք դրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթելով գործող գավաթակիր «Ալաշկերտին»:

Հաջորդ մրցաշրջանում Հայաստանի կրկնակի չեմպիոնը Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ Սուպերգավաթի խաղում կրկին լրացուցիչ ժամանակում 1-2 հաշվով պարտվել էր «Նոային»:

Մինչև օրս Սուպերգավաթին տիրել են 9 ակումբներ: Յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 10 անգամ է դարձել սուպերգավաթակիր: 6 անգամ պատվավոր մրցանակը նվաճել է «Շիրակը», 3 անգամ՝ «Ալաշկերտը», «Արարատ-Արմենիան» և  «Միկան» կրկնակի սուպերգավաթակիրներ են: Մեկական անգամ սուպերգավաթակրի կոչմանն են արժանացել «Ցեմենտը», «Արարատը», «Ուրարտուն» և «Նոան»:

2. «Փյունիկը» 16-րդ անգամ վիճարկեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը՝ 7-րդ անգամ մնալով առանց մրցանակի: Փյունիկցիները Սուպերգավաթի խաղերում ամենախոշոր հաշվով պարտությունը կրեցին: Նախկինում «Փյունիկը» 3 անգամ պարտվել էր «Շիրակին» (1996թ.՝ 1-3, 2003թ.՝ 1-2, 2013թ.՝ 0-2), մեկական անգամ զիջել էր «Միկային» (2006թ.՝ 2-3), «Արարատին» (2009թ.՝ 1-2) և «Բանանցին» (2014թ.՝ 0-3):

3. «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկն» առաջին անգամ միմյանց հետ վիճարկեցին Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի համար  մրցավեճի բռնված 14-րդ զույգը: Առավել հաճախ՝ 5-ական անգամ մրցանակը միմյանց հետ վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» և «Փյունիկն»  ու «Միկան»: 3 անգամ «Փյունիկի» մրցակիցը եղել է «Շիրակը», 2 անգամ՝ «Արարատը»:

«Շիրակն» ու «Ցեմենտը» մրցավեճի են բռնվել 2 անգամ, մեկական անգամ էլ Սուպերգավաթը վիճարկել են «Միկան» և «Ուլիսը», «Նոան» ու «Արարատ-Արմենիան», «Շիրակը» և «Ուրարտուն»: «Ալաշկերտը» մեկական անգամ մրցել է «Բանանցի», «Շիրակի»,  «Գանձասար-Կապանի», «Արարատ-Արմենիայի» և «Արարատի» հետ:

4. Երկրի չեմպիոնն ու գավաթակիրը 18-րդ անգամ վիճարկեցին Սուպերգավաթը: 6-րդ անգամ հաջողությունն ուղեկցեց գավաթակրին: 4 անգամ Սուպերգավաթը վիճարկել են երկրի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» և գավաթի եզրափակչի մասնակիցը: Բոլոր դեպքերում էլ մրցանակը շահել է «Փյունիկը»: 2023թ. երկրի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» և գավաթի եզրափակչի մասնակից «Շիրակի» մրցավեճում հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթել են շիրակցիները:

3 անգամ մրցել են չեմպիոնն ու 2-րդ մրցանակակիր «Շիրակը»: Այդ մրցավեճում ավելի ուժեղ է գտնվել «Շիրակը»` 2 անգամ (1996, 2003թթ.) հաղթելով երկրի չեմպիոն «Փյունիկին»: Չեմպիոնին (1998թ., «Ցեմենտ») հաջողությունն ուղեկցել է մեկ անգամ, այն էլ միայն հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ:

5. «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» մրցավեճում գրանցված 4-0 հաշիվը  Սուպերգավաթի մրցախաղերում ամենախոշորն է: Մինչև այդ սուպերգավաթակիրը 3 անգամ էր հաղթել խոշոր հաշվով, բոլոր խաղերում էլ գրանցվել էր միևնույն 3-0 հաշիվը (2011թ.՝ «Փյունիկ»-«Բանանց»՝ 3-0, 2014թ.՝ «Բանանց»-«Փյունիկ»՝ 3-0, 2015թ.՝ «Փյունիկ»-«Միկա»՝ 3-0):

Ընդհանուր առմամբ գրանցվել է խաղի հաշվի 9 տարբերակ: Առավել հաճախ՝ 6 անգամ սուպերգավաթակիրը հաղթել է 2-1 հաշվով: Առավել շատ գոլեր՝ 5-ական խփվել են «Փյունիկ»-«Միկա» (2006թ.՝ 2-3) և «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» (2019թ.՝ 3-2) հանդիպումներում:

Պատվավոր մրցանակի համար անցկացված 26 հանդիպումներում ընդհանուր առմամբ 63 գոլ է խփվել (միջինը մեկ խաղում՝ 2,42 գոլ):

6. Վարդան Մինասյանի գլխավորած թիմերը 7-րդ անգամ վիճարկելով Սուպերգավաթը, 6-րդ անգամ նվաճեցին մրցանակը: Նա մարզիչներից ռեկորդակիր է Սուպերգավաթի մրցախաղերում տարած հաղթանակների թվով: Նրա գլխավորությամբ 4 անգամ էլ մրցանակը շահել է «Փյունիկը» (2005, 2008, 2010-11թթ.): Մարզչական կարիերայում Մինասյանը միայն 2009թ. է անհաջողության մատնվել Սուպերգավաթի մրցախաղում, երբ «Փյունիկը» 1-2 հաշվով պարտվել է «Արարատին»:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում էլ Մինասյանը 4 անգամ «Փյունիկի» կազմում մասնակցել է Սուպերգավաթի մրցախաղերին և դարձել է կրկնակի սուպերգավաթակիր (1997, 2002թթ.):

Իսկ ահա Սուպերգավաթը նվաճելու Եղիշե Մելիքյանի առաջին փորձն անհաջողությամբ ավարտվեց:

7. Սուպերգավաթի հանդիպման մասնակիցներից ամենատիտղոսակիրը քառակի սուպերգավաթակիր փյունիկցի Տարոն Ոսկանյանն էր: Արմեն Համբարձումյանը, Հովհաննես Հարությունյանը, Կամո Հովհաննիսյանը, Կարեն Մուրադյանը, Հենրի Ավագյանը և Նարեկ Ալավերդյանը դարձան կրկնակի սուպերգավաթակիրներ: Ընդ որում Ալավերդյանն ինչպես 2019թ., այս անգամ էլ չմասնակցեց խաղին՝ մնալով պահեստայինների նստարանին:

Սուպերգավաթի 26-րդ խաղարկության մասնակիցներից ամենատարեցը փյունիկցի Սերժ Դեբլեն էր (35 տարեկան 190 օրական): Նա ընդգրկվեց Սուպերգավաթի հանդիպումներին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով «Բանանցի» նախկին պաշտպան Կարեն Սիմոնյանին (34 տարեկան 354 օրական):

Սուպերգավաթի մրցաշարերի պատմության ամենատարեց մասնակիցը «Միկայի» ռուսաստանցի պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչն է, որը 2002թ. մայիսի 9-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում (1-2) 40 տարեկան 172 օրական էր:

8. Մարիուս Նուբիսին բացեց գոլերի հաշիվը Սուպերգավաթի մրցաշարում՝ դառնալով դուբլ ձևակերպած 3-րդ ֆուտբոլիստը: Սուպերգավաթի խաղում գրանցված առաջին դուբլի հեղինակն Արմեն Շահգելդյանն է, որը 2006թ. «Միկայի» կազմում երկու անգամ գրավել է «Փյունիկի» դարպասը: 3 տարի անց արարատցի Արտակ Գրիգորյանը դուբլ էր ձևակերպել «Փյունիկի» հետ խաղում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Նուբիսին կրկնեց Սուպերգավաթի հանդիպումներում գրանցված ամենաարագ գոլի ռեկորդը՝ հաշիվը բացելով 3-րդ րոպեին: 2002թ. «Միկայի» հարձակվող Անդրեյ Բուլանովն էր 3-րդ րոպեին գրավել «Փյունիկի» դարպասը, սակայն փյունիկցիները 2-1 հաշվով կամային հաղթանակ էին տոնել:

Նուբիսին ընդգրկվեց Սուպերգավաթի հանդիպումներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Փյունիկի» դարպասը գրավելով 28 տարեկան 132 օրականում: Նա ցանկից դուրս մղեց նախկին շիրակցի Արթուր Պետրոսյանին, որը 1999թ. «Ցեմենտի» հետ խաղում աչքի էր ընկել 28 տարեկան 1 օրականում: Ցանկը գլխավորում է «Նոայի» նախկին ֆուտբոլիստ Դենիս Դեդեչկոն, որը 2020թ. «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավել էր 33 տարեկան 38 օրականում:

9. Տենտոն Յենեն էլ առաջին գոլը խփեց Սուպերգավաթի խաղում: Նա ընդգրկվեց պատվավոր մրցանակի խաղարկություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում՝ «Փյունիկի» դարպասը գրավելով 24 տարեկան 276 օրականում:

Տենտոնն «Արարատ-Արմենիայի» կազմում բոլոր մրցաշարերում 41-րդ գոլը խփեց ու կրկնեց ակումբի պատմության գլխավոր ռմբարկու Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը:

10. Անտոն Բրատկովը Սուպերգավաթի խաղում ինքնագոլի հեղինակ դարձած երկրորդ ֆուտբոլիստն է: Առաջինը շիրակցի Հակոբ Արտոյանն էր, որը 1999թ. «Ցեմենտի» հետ խաղում գրավել էր սեփական դարպասը: Սակայն դա չէր խանգարել գյումրեցիներին հաղթել 2-1 հաշվով ու նվաճել մրցանակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ