Մոսկվայի «Դինամոն» մանրամասներ է հայտնել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» ձախողված տրանսֆերի վերաբերյալ։
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ռուսական ակումբը պաշտոնապես հայտնել էր, որ 19-ամյա Զախարյանը չի տեղափոխվի «Չելսի»՝ նշելով, որ «իրենցից անկախ պատճառներով, ֆուտբոլիստի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր չէ իրականացնել»։
Ռուս լրագրող Սերգեյ Եգորը զրուցել է «Դինամոյի» մամուլի ծառայության հետ։
-Կա՞ր պայմանավորվածություն «Չելսիի» հետ՝ մինչև տարվեվերջ վարձակալության հարցում, որը կարելի էր ձմռանը խզել, եթե չփոխանցվեր գումարը
-Վարձակալությունը հնարավոր է իրականացնել միայն տեղափոխության դեպքում։ Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ գործարքը չի կայացել, հետևաբար վարձակալություն նույնպես չի լինի։
-Կա՞ր բանավոր պայմանավորվածություն «Չելսիի» հետ այն հարցում, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի այդ ակումբ, երբ վճարվի տրանսֆերի գումարը
-Ներկայումս պայմանավորվածություններ չկան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել Զախարյանի տրանսֆերի դիմաց, իսկ հայ ֆուտբոլիստն Անգլիայում վաստակելու է տարեկան 960 հազար ֆունտ ստեռլինգ։


