Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
«Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում»։ Օգոստոսի 25-ին «Դինամոն» պաշտոնական առաջարկ էր ստացել «Չելսի» ֆուտբոլային ակումբից՝ կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի հարցով։
Աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի հետաքրքրվածությունը մեր սանի նկատմամբ բարձր գնահատական է «Դինամոյի» և Արսեն Զախարյանի խաղային աճի նկատմամբ։
Մի քանի օրերի ընթացքում «Դինամոն» ու «Չելսին» բանակցություններ էին վարում, և մեր ակումբը կառուցողական դիրք էր ընդունել։ Սակայն մեզանից անկախ պատճառներով, ֆուտբոլիստի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր չէ իրականացնել։
Այնուամենայնիվ, մեր ակումբը բաց է մնում այնպիսի առաջարկների համար, որը գոհացնող կլինի «Դինամոյի» ու ֆուտբոլիստի համար։
Այս պահին կողմերը որոշել են, որ Արսենը կշարունակի խաղալ «Դինամոյում»»,- ասվում է մոսկովյան ակումբի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 2017 թվականից «Դինամոյի» համակարգում է: Հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Դինամոյի» կազմում Զախարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։


