Սառցե թագավորությունում կանոնավոր առաջնության կեսն արդեն անցյալում է: Եթե Արևմտյան կոնֆերենցիայում կան ընդգծված առաջատարներ ու հետնապահներ, ապա արևելյան հատվածում այլ պատկեր է: Կոնֆերենցիայի առաջատարները շարունակում են մնալ «Վաշինգտոնը», «Տորոնտոն», «Նյու Ջերսին» ու «Կարոլինան», բայց պետք չէ շտապել ու եզրակացություններ անել. առաջատարների թիկունքում ակտիվ պայքարը շարունակում են Ֆլորիդայի երկու ներկայացուցիչները՝ «Փանթերսն» ու «Լայթնինգը», իսկ Wild Card-ի համար պայքարում ֆրանշիզաներն առանց մեկը մյուսին հերթ տալու առաջ են շարժվում: Անցումային գոտուց դուրս են միանգամից 7 թիմեր, որոնք, ջանք չխնայելով, ձգտում են բարձրանալ փլեյ-օֆֆի գոտի:
«ԿՈԼԱՄԲՈՒՍ ԲԼՈՒ ՋԵՔԵԹՍԸ» ԱՐԵՎԵԼՔԻ ՈՒԹՆՅԱԿՈՒՄ Է
«Բլու Ջեքեթսն» օրացուցային տարին փայլուն սկսեց: Չորս խաղից բաղկացած հաղթանակների շարքը Դին Էվասոնի թիմին մայրաքաղաքային դիվիզիոնում բարձրացրեց 4-րդ տեղ: «Կոլամբուսի» կազմում այս մրցաշրջանում փալյում են և՛ երիտասարդ, և՛ փորձառու հոկեյիստները: Ակումբի սան Զաք Վերենսկին գնում է կարիերայի լավագույն ցուցանիշը գրանցելու հետևից: Ամերիկացի պաշտպանը 43 հանդիպումներից հետո պաշարում կուտակել է 48 միավոր: Ամռանը «Վինիպեգից» «Կոլամբուս» տեղափոխվեց Շոն Մոնահանը: Կանադացի կենտրոնականն առաջին մրցաշրջանում 41 հանդիպումներից հետո վաստակել է նույնքան միավոր:

«Կոլամբուսի» «ռուսական հատվածն» էլ շարունակում է տխրեցնել մրցակիցներին. Կիրիլ Մարչենկո, Դմիտրի Վորոնկով, Իվան Պրովորով ու Եգոր Չինախով քառյակը կուտակել է 110 միավոր:
Դին Էվասոնին միանգամից հաջողվեց «Բլու Ջեքեթսին» աութսայդերից վերածել լիգայի բացահայտումներից մեկին:

«ՄՈՆՐԵԱԼ ԿԱՆԱԴԻԵՆՍԸ» ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԽՈՐ ՔՆԻՑ
«Մոնրեալում» ամռանն էական փոփոխություններ տեղի չունեցան: Ամեն դեպքում, «Կանադիենսը» երկրպագուների համար մեկ աղմկահարույց թրեյդ հասցրեց իրականացնել. Պատրիկ Լայնեն փոխեց գրանցման հասցեն՝«Կոլամբուսից» տեղափոխվելով լիգայի ամենատիտղոսակիր ակումբ:
«Տորոնտոյի» դեմ նախամրցաշրջանային շարքի հանդիպումը ծանր հարված էր Լայնեի համար. նորից վնասվածք, բայց այս անգամ՝ ծնկի: 2 ամսից ավելի բաց թողնելուց հետո Պատրիկ Լայնեն վերադարձավ սառույց և «Կանադիենսի» կազմում փայլուն տպավորություն թողեց հենց առաջին խաղում: Ֆինն հարձակվողը «Այլընդերսի» դեմ մրցավեճում աչքի ընկավ դարպասի գրավմամբ:
26-ամյա հարձակվողը 15 խաղում վաստակել է 12 միավոր, սակայն կանադական գրանդի հիմնական շարժիչ ուժը շարունակում են մնալ Նիք Սուզուկին ու Քոուլ Քոֆիլդը: «Կանադիենսի» երկու սաներին հաջողվել է հստակ դերաբաշխել իրենց աշխատանքը սառույցի վրա: Քոֆիլդը կատարում է գոլահարի պարտականությունը, իսկ Նիքը «Մոնրեալի» գլխավոր ասիստենտն է: Մարտեն Սեն-Լուին երրորդ տարում կարողացավ բալանսավորել կազմն ու շարունակել կիսատ թողած գործը:
Առջևում ամենաբարդ ու վճռորոշ երկրորդ հատվածն է, որտեղ թիմերը հնարավորություն կունենան կազմում վերջին փոփոխությունները կատարելու:
Ատլանտյան ու մայրաքաղաքային դիվիզիոններում վերջին տարիներին թեժ պայքարի պակաս չի եղել, սակայն քչերը կպատկերացնեին, որ առաջին հատվածը կարող է ավարտվել թիմերի այսպիսի խիտ դասավորությամբ: Արևելյան կոնֆերենցիայի նկուղում շարունակում են մնալ Նյու Յորքի ու Փենսիլվանիայի երկու ներկայացուցիչները: Զուգահեռաբար «Մոնրեալ», «Դետրոյթ», «Օտավա» տրիոն չի պատրաստվում զիջել դիրքերը, բայց բարդ է ասել, թե որքան կկարողանան դիմադրել փլեյ-օֆֆի անսպասելի հավակնորդները:


