«Սա պատմական հաջողություն է. առաջին անգամ Հայաստանը ներկայացնող ձյուդոիստն աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճեց։ Նման արդյունք տարիքային որևէ խմբում երբևէ չէինք ունեցել»։ Այս մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը՝ մեկնաբանելով Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ավարտված աշխարհի պատանեկան առաջնությունում 81 կգ քաշային Գոռ Կարապետյանի հաղթանակը։
Եվրոպայի առաջնության արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանի խոսքով, այդ նվաճումն իրականում անսպասելի չէր, քանի որ տարվա ընթացքում Գոռ Կարապետյանն արդեն լավագույնս էր դրսևորել իրեն միջազգային ասպարեզում և ակնհայտորեն հասունացել էր ավելի լուրջ հաղթանակի համար։
«Սա ձյուդոյի աշխարհի առաջնություններում մեր մարզիկների նվաճած առաջին ոսկե մեդալն է, ինչն իրականում մեծ ու ոգևորիչ իրադարձություն է։ Գոռը փայլուն ելույթ ունեցավ, բայց անկեղծ ասած՝ սպասված հաղթանակ էր, որովհետև մարզիկը հաստատուն քայլերով էր առաջ ընթանում այս մրցաշրջանում։ 2022 թվականին նա արդեն դարձել էր այս տարիքային խմբի Եվրոպայի գավաթի, աշխարհամասի պատանեկան առաջնության և Եվրոպական պատանեկան փառատոնի մրցանակակիր։ Մրցումից մրցում նկատվում էր նրա աճը, որն արտահայտվեց այսպիսի հրաշալի հաղթանակով։ Իրականում նրա առաջընթացը սկսվել է անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունից, որտեղ 5-րդ տեղն էր գրավել։ Այս մրցաշրջանում Գոռը 7-8 միջազգային ուսումնամարզական հավաքի է մասնակցել, գրեթե անընդհատ քրտնաջան մարզվել է։ Դա լուրջ ծանրաբեռնվածություն է յուրաքանչյուր մարզիկի, առավել ևս՝ պատանու համար»,- նշեց մարզիչը։
Հովհաննես Դավթյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Կարապետյանն աշխարհի պատանեկան առաջնությունում անցկացրած բոլոր՝ հինգ գոտեմարտերում մաքուր հաղթանակ է գրանցել։
«Գոռը պատահական մրցակիցների չի հաղթել։ Քառորդ եզրափակիչում հոգեբանական տեսանկյունից կարևոր հաղթանակ տարավ ադրբեջանցի ձյուդոիստի նկատմամբ, կիսաեզրափակիչում գերազանցեց Եվրոպայի այս տարվա բրոնզե մեդալակիր սերբ մարզիկին։ Իսկ եզրափակիչում առավելության հասավ ուզբեկ ձյուդոիստի նկատմամբ, որը մինչև այդ հաղթել էր այն նույն ուկրաինացուն, որին Գոռը պարտվել էր Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարում»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը։
Հովհաննես Դավթյանի գնահատմամբ՝ աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցած Հայաստանի մյուս 4 ձյուդոիստները՝ Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը և Էրիկ Սաղաթելյանը (երկուսն էլ՝ 55 կգ) ու Արսեն Հայրապետյանը (մինչև 90 կգ) հաջողության չհասան գոտեմարտերի ընթացքում թույլ տված տակտիկական սխալների պատճառով։ Սաֆարյանը, պարտվելով բրոնզե մեդալի համար պայքարում, բավարարվել էր 5-րդ տեղով։ Մյուս երեք մարզիկները ելույթներն ավարտել էին նախնական փուլերում։
«Ամեն դեպքում, ունենք պատանիների լավ թիմ, որի հետ կատարվում է արդյունավետ աշխատանք։ Մարզիչների աշխատանքից շատ գոհ եմ, նրանք հիանալի լրացնում են իրար։ Արդյունքն արդեն դրսևորվում է։ Իհարկե, կան բացեր, որոնք շտկման և լրացման կարիք ունեն։ Նույն Սաֆարյանը մեդալի համար գոտեմարտում պարտվեց «ոսկե գցումով»։ Համանման թերություններ են նկատվում մյուս տղաների մոտ։ Ձյուդոյում մարզիկը լարվածության պատճառով կարող է մեկ սխալով ջուրը գցել ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքը։ Պետք է փորձենք նվազագույնի հասցնել նման իրավիճակները և առաջ ընթանալ»,- ասաց մարզիչը։

Նա տեղեկացրեց, որ թվարկած բոլոր 5 ձյուդոիստները հաջորդ տարվանից մրցելու են երիտասարդների տարիքային խմբում, ուստի բացառված չէ, որ արդեն իսկ սկսեն պատրաստվել նոր իրողությանն առերեսվելուն։ Այս մրցաշրջանում նրանց հետագա միջազգային ելույթների ժամանակացույցը հստակեցված չէ։ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ կան Եվրոպայի գավաթի շարքի երիտասարդական մի քանի մրցաշարեր, որոնց մասնակցության նպատակահարմարությունը մարզիչները կքննարկեն հերթական հավաքի արդյունքները վերլուծելիս։
Ամենայն հավանականությամբ, այս տարի տատամի դուրս չեն գա նաև 73 կգ քաշային կարգում ազգային հավաքականի առաջատարներ Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը, որոնք, ըստ գլխավոր մարզչի, շարունակում են ապաքինվել լուրջ վնասվածքներից։
«Նրանց լիարժեք բուժվելու և վերականգնվելու հնարավորություն ենք տվել, որպեսզի կարողանան հունվարից ներգրավվել օլիմպիական վարկանիշային մրցաշարերին մասնակցելուն։ Ֆերդինանդի և Արսենի վերականգնումը դանդաղ է ընթանում, որովհետև բուժմանը զուգահեռ մարզվելը միայն խորացնում է վնասվածքները և չի նպաստում դրանց լիարժեք բուժմանը։ Նպատակահարմար գտանք, որ հիմա ամբողջությամբ նվիրվեն բուժմանը, որպեսզի 2023 և 2024 թվականներին լինեն պատրաստ և փորձեն լրացնել բաղձալի օլիմպիական վարկանիշը»,- խոսքը եզրափակեց Հովհաննես Դավթյանը։



