Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 21-ին մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
10 ըմբիշով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականից առաջին օրը պայքարի մեջ են մտել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով հաղթել է խորվաթ Անտոնիո Կամենյասևիչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի դանիացի Օլիվեր Կրյուգերի հետ:
Վիգեն Նազարյանը որակավորման փուլում 8-7 հաշվով հաղթել է լեհ Արկադիուշ Կուլինիչին, իսկ 1/8 եզրափակիչում 1-1 հաշվով է ավարտել ավստրիացի Լուկաս Սթաուդահերի հետ գոտեմարտը, սակայն հաղթել է վերջին միավորը վաստակելու շնորհիվ: Քառորդ եզրափակիչում Նազարյանը կգոտեմարտի շվեյցարացի Դամիան Ֆոնի հետ:
Դավիթ Օվասապյանը 1/8 եզրափակիչում 2-0 հաշվով հաղթել է գերմանացի Ֆրանց Ռիհտերին։ Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը լիտվացի Մանտաս Կնիստաուտասն է:
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից՝ մրցելով թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ:
Հրաչյա Պողոսյանը նույնպես կմեկնարկի քառորդ եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի ավստրիացի Ակեր Շմիդի և խորվաթ Իվան Լիզատովիչի գոտեմարտի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու 2 ոսկե մեդալով թիմային հաշվարկում զբաղեցրել էր 5-րդ տեղը։ Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), իսկ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնություններում հաղթանակներին ավելացրել էր նաև մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։


