Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Հայ ծանրորդը երկամարտի 365 կգ (170+195) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Կարապետյանը մեկական հաջող մոտեցումներ կատարեց պոկում և հրում վարժություններում:
Այս քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ բուլղարացի Կառլոս Նասարը, որը երկամարտում գրանցեց 391 կգ (176+215) արդյունք: Նասարը պոկում վարժությունում սահմանեց երիտասարդների համաշխարհային ռեկորդ, նրան են պատկանում նաև այս քաշային կարգի հրում վարժության և երկամարտի համաշխարհային ռեկորդները:
Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), բրոնզե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):
Հայ ծանրորդներից փետրվարի 18-ին հարթակ դուրս կգան Լիանա Գյուրջյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ): Կանանց 81 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, իսկ տղամարդկանց 96 կգ քաշայիններինը՝ 22:00-ին:


