Արման Ավագյանը (79 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 4-7 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ահմադ Մագոմեդովին:
Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5-1 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Միհաիլ Գերգիևին, իսկ քառորդ եզրափակիչում նույն հաշվով առավելության էր հասել ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում 10-12 հաշվով պարտվել էր հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն:
Մրցումային երկրորդ օրը Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս էր եկել եզրափակիչ:
Հրայր Ալիխանյանը (74 կգ) քառորդ եզրափակիչում 0-3 հաշվով պարտվել էր Սլովակիան ներկայացնող Թայմուրազ Սալկազանովին, որը հասել է եզրափակիչ՝ հնարավորության տալով հայ ըմբիշին շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար:
Հայ ըմբիշն ապրիլի 19-ին Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ռասուլ Շապիևի հետ կանցկացնի սփոփիչ գոտեմարտ, որտեղ հաղթելու դեպքում վրացի ըմբիշ Ավթանդիլ Կենտչաձեի հետ կվիճարկի բրոնզե մեդալը:
Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտվել էր մոլդովացի Գեորգի Ռուբաևին և դուրս մնացել հետագա պայքարից։
Մրցումային առաջին օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։
1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։
Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր է մեկնել 8 ըմբիշ:
Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում


