Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով մեկնարկեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
1/8 եզրափակիչում գյումրեցի ըմբիշը մրցեց թուրք Բեյթուլահ Կայիսդագի հետ ու ժամկետից շուտ վստահ հաղթանակ տարավ 9-1 հաշվով։ Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը կլինի Նիդերլանդների ներկայացուցիչ Տիրոնե Ստերկենբուրգը։
ԵԱ-ի մրցումային երկրորդ օրը պայքարը կսկսեն Հայաստանի հավաքականի ևս 4 ըմբիշներ։
2020թ․ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կփորձի հաղթահարել հույն Իլիաս Զաիրակիսի արգելքը։
Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանի (67 կգ) մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի շվեդ Նիկլաս Օեհլենը։
Աշոտ Խաչատրյանը (72 կգ) ևս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ։
Կարեն Խաչատրյանը (82 կգ) 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Ֆիլիպ Սաչիչ (Խորվաթիա) – Էվանգելոս Բոուկիս (Հունաստան) զույգի հաղթողի հետ։
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև փետրվարի 12-ին պայքարը սկսած Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ)։ Ամոյանը եզրափակիչում ուժերը կչափի թուրք Յունուս Բասարի հետ, Խաչատրյանը բրոնզե մեդալը կվիճարկի բուլղարացի Ստեֆան Գրիգորովի հետ։
Դավիթ Օվասապյանը (130 կգ) սփոփիչ գոտեմարտում 2-3 հաշվով պարտվել է նորվեգացի Օսկար Մավրիկին ու ավարտել ելույթները։


