Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժությունում:
Հայ մարզիկը վաստակեց 14.266 միավոր: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իռլանդիայի ներկայացուցիչ Ռիս Մակկլենագանը՝ 14.666 միավոր, իսկ բելգիացի Մաքսիմ Ջենջեսը նվաճեց արծաթե մեդալ (14.566 միավոր):
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտում 82.695 միավորով զբաղեցրել էր չորրորդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Ասիլը (84.965 միավոր): Երկրորդ տեղը զբաղեցրել էր բրիտանացի Ջարման Ջեյքը (83.463): Լավագույն եռյակը եզրափակել էր ուկրաինացի Իլյա Կովտունը (83.032):
Ապրիլի 16-ին Արթուր Դավթյանը կմասնակցի նաև հենացատկի եզրափակիչին: Որակավորման փուլում նա լավագույն ցուցանիշով է նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր (15.066 միավոր):
Օղակների վարժությունում Հայաստանը կներկայացնեն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էին նաև Գագիկ Խաչիկյանը և Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որոնք չեն հաղթահարել բազմամարտի ու նժույգ թափեր վարժության որակավորման փուլի արգելքը։