Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ են մտել 60 կգ, 67 կգ, 72 կգ, 82 կգ և 97 կգ քաշային ըմբիշները:
Սուրեն Աղաջանյանը (60կգ) պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 8-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իսպանացի Ասեր Ռոդրիգեսի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը մրցավարների անհասկանալի որոշման պատճառով 4-6 հաշվով պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Կուզկոյին: Գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ, երբ Աղաջանյանը հաղթում էր 4-3 հաշվով, դեմքին դիպչելու պատճառով մրցակցին տրվել է 2 միավոր: Հայաստանի հավաքականի մարզիչների բողոքը մերժվել է, և ևս մեկ միավոր է տրվել ուկրաինացուն:
Աշոտ Խաչատրյանը (67 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Դիեգո Չխիկվաձեի հետ: Հայ ըմբիշը որակավորման փուլում 4-2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Յանիս Նիֆրիյին, իսկ քառորդ եզրափակիչում 10-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել լեհ Ալեքսանդր Միլևչուկի նկատմամբ:
Հայկ Ասատրյանը (72 կգ) 1/8 եզրափակիչում 9-0 հաշվով հաղթել է ալբանացի Կլոջան Շեհուին, սակայն քառորդ եզրափակիչում 2-6 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխիկվաձեին: Եթե վրացի ըմբիշը հասնի եզրափակիչ, Ասատրյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա:
Կարեն Խաչատրյանը (82 կգ) 1/8 եզրափակիչում Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Դոմիկին 8-0 հաշվով հաղթելուց հետո չի կարողացել հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը՝ 3-4 հաշվով զիջելով հույն Իլյաս Պակալիդիսին:
Հայկ Խլոյանը (97 կգ) մեկնարկում 2-3 հաշվով պարտվել է հունգարացի Ալեքս Զոկեին:
Մոլդովացի Դանիել Լուպասկոյի հետ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի մարտի 13-ին պայքարն սկսած Հովհաննես Հարությունյանը (87 կգ), որը քառորդ եզրափակիչում 0-7 հաշվով պարտվել էր Դանիայի ներկայացուցիչ Թուրպալ Բիսուլթանովին: Վերջինս հասել էր եզրափակիչ, իսկ հայ ըմբիշն ստացել էր սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն: Այդ փուլում նրա ռումինացի մրցակիցը հրաժարվել էր պայքարից:
Հիշեցնենք, որ մարտի 14-ի երեկոյան մրցահերթում Կարապետ Մանվելյանը (55 կգ) կգոտեմարտի ոսկե, Ալբերտ Վարդանյանը (130 կգ)՝ բրոնզե մեդալի համար:


