Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 16-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի ամբողջական կազմով (10 ըմբիշ)։ Առաջին մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային ըմբիշները։
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի Իվայլո Տիսով (Բուլղարիա) – Կամիլ Կերիմով (Ուկրաինա) գոտեմարտի հաղթողի հետ։
Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) տիտղոսի պաշտպանությունը կսկսի լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով։
Արման Անդրեասյանը (70 կգ) նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով գերմանացի Ալեքսանդր Սեմիսորուի հետ։
Արման Ավագյանի (79 կգ) մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի Պուրիա Տեհերխանի (Գերմանիա) – Յակուբ Շիխդժամալով (Ռումինիա) զույգի հաղթողը։
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Սուլթանովիչ Բատաևի հետ։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն փետրվարի 17-ին:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով և 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն էր գրավել թիմային հաշվարկում: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 7-րդ անգամ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) ոսկե մեդալ էր նվաճել երրորդ տարին անընդմեջ, իսկ Մանվել Խաչատրյանն (55 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
Եվրոպայի առաջնությանը վարկանիշային չէ այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։


