Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը (130 կգ) կշարունակի պայքարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Հայ ըմբիշին քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով հաղթած Եվրոպայի 12-ակի և աշխարհի 5-ակի չեմպիոն, թուրք Ռիզա Կայալպը հաղթահարեց նաև Ադրբեջանի ներկայացուցչի արգելքը և դուրս եկավ եզրափակիչ: Կայալպի՝ եզրափակիչ դուրս գալը Օվասապյանին հնարավորություն տվեց փետրվարի 13-ին անցկացնել սփոփիչ գոտեմարտ, որում հաղթելու դեպքում հայ ըմբիշը երեկոյան բրոնզե մեդալը կվիճարկի Ադրբեջանի ներկայացուցիչ Բեկա Կանդելակիի հետ:
Հայաստանի հավաքականի կազմում փետրվարի 12-ին գորգ դուրս եկած Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) ավարտեցին պայքարը, քանի որ նրանց հաղթած ըմբիշները դուրս չեն եկել եզրափակիչ:
Քիչ առաջ Մանվել Խաչատրյանը (55 կգ) կիսաեզրափակիչում 2-2 հաշիվն էր գրանցել մոլդովացի Արտյոմ Դելենաուի հետ, սակայն մրցակիցը հաղթել էր ավելի բարձր միավորանոց հնարք կատարելու շնորհիվ: Հայաստանի ներկայացուցիչը փետրվարի 13-ին կպայքարի բրոնզե մեդալի համար:
Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանն (77 կգ) էլ կիսաեզրափակիչում 2-1 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին: Ամոյանը Եվրոպայի առաջնություններում իր երրորդ ոսկե մեդալը փետրվարի 13-ին կվիճարկի թուրք ըմբիշ Յունուս Բասարի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին։
Ֆոտո՝ ՀԸՖ մամուլի ծառայություն


