Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում մարտի 3-13-ին կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստանից 13 ներկայացուցիչներ՝ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Դանիելյանն ու Սարգիս Մանուկյանը:
Գաբրիել Սարգսյանը մրցաշարին հայտավորված 502 շախմատիստներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2699): 2686 վարկանիշով Հայկ Մարտիրոսյանը լեհ Ռադոսլավ Վոյտաչեկի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:
Եվրոպայի անհատական առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է, որը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 23 շախմատիստների միջև, որոնք նաև աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր կստանան:
Եվրոպայի չեմպիոնը կպարգևատրվի 20 հազար եվրոյով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 15 և 10 հազարական եվրո:
Կանայք Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը կվիճարկեն մարտի 18-29-ին Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանն ու Սուսաննա Գաբոյանը:
Էլինա Դանիելյանը 2431 վարկանիշով առաջնության մասնակիցների մեջ 7-րդն է: Ցանկը գլխավորում է ռուսաստանցի Վալենտինա Գունինան (2476): Հիշեցնենք, որ Էլինան 2021թ. նվաճել էր Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը:
Կանանց Եվրոպայի առաջնությունը ևս կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է, որը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 20 շախմատիստուհիների միջև: Եվրոպայի չեմպիոնուհին կպարգևատրվի 10 հազար եվրոյով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 8 և 7 հազարական եվրո:


