102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում՝ երևանյան ԵԱ-ում Հայաստանի մեդալների քանակը հասցնելով 8-ի:
Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 392 կգ արդյունք:
Պոկում վարժությունում Գարիկը երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 178 կգ ծանրաձողը՝ սահմանելով Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:
Հրում վարժությունում Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 214 կգ-ը, իսկ երրորդ մոտեցումը չկատարեց:
Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն երկամարտի 387 կգ (173+214) արդյունքով դարձավ արծաթեմեդալակիր: Լավագույն եռյակը եզրափակեց մոլդովացի Բրատու Տուդորը (170+204):
Հիշեցնենք, ԵԱ-ում Հայաստանը երկամարտի մեդալների քանակը հասցրեց 8-ի։ Մրցումային նախորդ օրերի ընթացքում Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92) հռչակվել են Եվրոպայի չեմպիոն, Տաթև Հակոբյանը (76 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարծել են արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաև Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), ինչպես նաև Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):