Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեցող 5 շախմատիստներն էլ 8-րդ տուրում հաշտություն կնքեցին մրցակիցների հետ:
Միավորը բաժանեցին Գաբրիել Սարգսյանը և ուկրաինացի Վիտալի Բեռնարդսկին, Ռոբերտ Հովհաննիսյանն ու վրացի Գիգա Քուփարիձեն, Հայկ Մարտիրոսյանն ու չեռնոգորցի Դենիս Կադրիչը, Շանթ Սարգսյանն ու ռուսաստանցի Վոլոդար Մուրզինը, Մանուել Պետրոսյանն ու ռուսաստանցի Սերգեյ Ազարովը:
Նրանց միավորներով հավասարվեց Մամիկոն Ղարիբյանը, որը հաղթեց լեհ Բարտոզ Սոչկոյին: Հայ շախմատիստների վեցնյակը վաստակել է 5,5 միավոր և 1,5 միավորով զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող ուկրաինացի Անտոն Կորոբովին:
5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանն ու Էմին Օհանյանը: Տեր-Սահակյանը հաղթեց թուրք Հուսեյն Չելիք Հասանին, Դանիելյանը պարտության մատնեց իսրայելցի Օր Բրոնշտեյնին, իսկ Օհանյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Հաղթանակ տարավ նաև Սարգիս Մանուկյանը: Ռոբերտ Փիլիպոսյանն ու Արմեն Բարսեղյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ, իսկ Ալեքս Սահակյանը պարտվեց:
Մարտի 11-ին կկայանա Եվրոպայի առաջնության 9-րդ տուրը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:


