Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանցի 13 շախմատիստներից 8-ն առաջնությունը սկսեց հաղթանակով:
Մրցաշարի 484 մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2699) ունեցող Գաբրիել Սարգսյանը սևերով 59-րդ քայլին պարտության մատնեց սերբ Վուկ Դամյանովիչին:
Մասնակիցներից երկրորդ վարկանիշն (2686) ունեցող Հայկ Մարտիրոսյանն էլ սպիտակներով 59-րդ քայլին հաղթեց գերմանացի Բենետ Հագներին:
Հաղթանակով մեկնարկեցին նաև Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար հունգարացի Ժսոկա Գալի և սերբ Միլան Յովսևի նկատմամբ: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց սերբ Դեյան Օմորջանին, Մամիկոն Ղարիբյանը պարտության մատնեց շվեյցարացի Մարիա Մանկովին: Արմեն Բարսեղյանն ու Էմին Օհանյանն ուժեղ գտնվեցին ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Լուկա Սակովիչից և Նիկոլայ Վասիլկովից:
Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, Ալեքս Սահակյանը և Վահե Դանիելյանն իրենց մրցախաղերն ավարտեցին ոչ-ոքի: Մրցաշարը պարտությամբ սկսեցին Ռոբերտ Փիլիպոսյանն ու Սարգիս Մանուկյանը:
Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է, որը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 23 շախմատիստների միջև, որոնք նաև աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր կստանան:
Եվրոպայի չեմպիոնը կպարգևատրվի 20 հազար եվրոյով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 15 և 10 հազարական եվրո:


