Logo

ԵԱ. Ամոյանն ու Պողոսյանը կիսաեզրափակիչում են, Մկրտչյանը, Նազարյանը և Օվասապյանը պարտվեցին

16:37 / 21.04.2023Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի երկու ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) քառորդ եզրափակիչում 7-0 հաշվով հաղթեց դանիացի Օլիվեր Կրյուգերին: Երեկոյան մրցահերթում Ամոյանը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի թուրք Յունուս Էմիր Բասարի հետ, որը 6-1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանին։ Մեկնարկային գոտեմարտում Մալխասը 10-0 հաշվով հաղթել էր խորվաթ Անտոնիո Կամենյասևիչին։

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից՝ 10-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով խորվաթ Իվան Լիզատովիչի նկատմամբ: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը կմրցի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, ադրբեջանցի Թալեհ Մամեդովի հետ:

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ևս մեկնարկեց քառորդ եզրափակիչից, որտեղ 3-12 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզունին։

Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վիգեն Նազարյանը երկու հաղթանակ տանելուց հետո (87 կգ) քառորդ եզրափակիչում 4-8 հաշվով պարտություն կրեց շվեյցարացի Դամիան Ֆոնին: Որակավորման փուլում Նազարյանը 8-7 հաշվով հաղթել էր լեհ Արկադիուշ Կուլինիչին, իսկ 1/8 եզրափակիչում ավստրիացի Լուկաս Սթաուդահերին (1-1)։

Դավիթ Օվասապյանը (130 կգ) քառորդ եզրափակիչում 4-5 հաշվով պարտվեց լիտվացի Մանտաս Կնիստաուտասին: 1/8 եզրափակիչում Օվասապյանը 2-0 հաշվով հաղթել էր գերմանացի Ֆրանց Ռիհտերին։

Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, նրանք հնարավորություն կստանան ապրիլի 22-ին պայքարել բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 22-ին։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու 2 ոսկե մեդալով թիմային հաշվարկում զբաղեցրել էր 5-րդ տեղը։ Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), իսկ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնություններում հաղթանակներին ավելացրել էր նաև մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա