Logo

ԵԱ. Հրայր Ալիխանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

20:49 / 19.04.2023Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 0-8 հաշվով պարտվեց վրացի Ավթանդիլ Կենտչաձեին:

Հայաստանի ներկայացուցիչը նախօրեին քառորդ եզրափակիչում 0-3 հաշվով պարտվել էր Սլովակիան ներկայացնող Թայմուրազ Սալկազանովին, որը հասել էր եզրափակիչ՝ հնարավորության տալով հայ ըմբիշին պայքարել բրոնզե մեդալի համար: Ապրիլի 19-ին Ալիխանյանը միակ սփոփիչ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ռասուլ Շապիևին։ 

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա երկու ոսկե մեդալով:

Քիչ առաջ Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ): Ապրիլի 18-ին էլ ոսկե մեդալակիր էր դարձել աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ)։

Մրցումային երկրորդ օրը Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտվել էր մոլդովացի Գեորգի Ռուբաևին և դուրս մնացել հետագա պայքարից, իսկ Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4-7 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ահմադ Մագոմեդովին:

Մրցումային առաջին օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։ 

1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։ 

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր էր մեկնել 8 ըմբիշ:

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա