Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) քառորդ եզրափակիչում 0-3 հաշվով պարտվել է Սլովակիայի ներկայացուցիչ Թեյմուրազ Սալկազանովին:
Եթե Թեյմուրազ Սալկազանովը դուրս գա եզրափակիչ, Ալիխանյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համր։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5-3 հաշվով հաղթել էր հունգարացի Մուրադ Կուրամագամեդովին:
Հիշեցնենք, որ մրցումային երկրորդ օրը Հայաստանի ըմբիշներից մեկնարկել էին նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ): Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, իսկ Մկրտչյանը պարտվել է որակավորման փուլում:
Երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ): Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմն է:
Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալը կվիճարկի Գաբրիել Իգլեսիաս Ռամոս (Իսպանիա) - Ահմադ Մագոմեդով (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի հաղթողի հետ:
Առաջին մրցումային օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։
1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։
Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր է մեկնել 8 ըմբիշ:
Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում