Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Իզաբելա Յայլյանը (55 կգ)։
Հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։ Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 179 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:
Իզաբելա Յայլյանը ձախողեց պոկում վարժության առաջին և երկրորդ մոտեցումները՝ չկարողանալով բարձրացնել 87 կգ ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցմամբ նա հաջողեց և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում Յայլյանը նախ՝ բարձրացրեց 105 կգ, ապա՝ ձախողեց երկրորդ մոտեցումը (108 կգ), իսկ հետո՝ երրորդ մոտեցմամբ հրեց 109 կգ: Այս վարժությունում նույնպես նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 77 կգ, երկրորդ մոտեցմամբ չկարողացավ գլխավերևում պահել 80 կգ ծանրաձողը, սակայն երրորդ փորձից կարողացավ բարձրացնել 80 կգ: Այս վարժությունում նա 7-րդն էր:
Հրում վարժությունում Գրիգորյանը հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ 99 կգ:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռումինացի Անդրեա Կոտրուտան (201 կգ), իսկ արծաթե մեդալակիր դարձավ ուկրաինացի Սվետլանա Սամուլյակը՝ 199 կգ:








Հիշեցնենք, որ ԵԱ-ում Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաև Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):
- ԵԱ․ Հայ ծանրորդների հիմնական մրցակիցներն ու հնարավորությունները
- Երևանյան ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը
- Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները
- Նազիկ Ավդալյան. «Անչափ ուրախ եմ, որ մրցավարական նորամուտս նշելու եմ Հայաստանում»
- IWF նախագահ. «Գիտեմ, որ հայերը մեծ սիրտ ունեն և պատրաստ են լավագույնս ընդունել բոլորին»
- Սիմոն Մարտիրոսյան. Վելերի և Չիգիշևի օրինակով. ինչպես վերակենդանացնել կարիերան
- Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար


