Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչում Կարապետ Մանվելյանը (55 կգ) 1-1 հաշվով (վերջին միավորի առավելությամբ) հաղթել է թուրք Մուհամեդ Էմիր Չակիրին ու դուրս եկել եզրափակիչ։
Մարտի 14-ին Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալը կվիճարկի Ռումինիայի ներկայացուցիչ Դենիս Ֆլորիան Միհաիյի հետ:
Հիշեցնենք, որ Մանվելյանն առաջին գոտեմարտում 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել սերբ Սաբոլց Լոսոնկիի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել էր (7-1) ադրբեջանցի Ռահիմ Հասանովին։ Վերջինս որակազրկվել է՝ դրսևորելով ագրեսիվ ու ոչ մարզական վարք:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) մեկնարկել էր ադրբեջանցի Զիյա Բաբաշովի նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակով, սակայն քառորդ եզրափակիչում 1-6 հաշվով պարտվել էր թուրք Իսմայիլ Քուլֆային:
Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) մեկնարկում 3-7 հաշվով պարտվել էր հունգարացի Աթիլա Տամաշին:
Հովհաննես Հարությունյանը (87 կգ) պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 0-7 հաշվով պարտվել էր Դանիայի ներկայացուցիչ Թուրպալ Բիսուլթանովին:
Ալբերտ Վարդանյանի (130 կգ) առաջին մրցակիցը վնասվածք էր ստացել, և հայ ըմբիշը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 0-6 հաշվով պարտվել է վրացի Գեորգի Ցոպուրաշվիլիին:
Մարտի 14-ին Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Չեխիայի ներկայացուցիչ Մարցել Ալբինիի հետ: