Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մոտենում է ավարտին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային նախավերջին` 8-րդ օրը մրցահարթակ դուրս կգան հինգ հայ ծանրորդներ։
Առաջինը պայքարի մեջ կմտնեն Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը (երկուսն էլ` 102 կգ)։ Այս քաշային կարգի պայքարը սկսվելու է Երևանի ժամանակով 16:00-ից։
Ժամը 19:00-ից մրցահարթակ դուրս կգա Պետրոս Պետրոսյանը (109 կգ), իսկ օրը կեզրափակի 87 կգ քաշային կանանց մրցումը, որտեղ Հայաստանը ներկայացնելու են Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը։ Մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալի էր արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիանա Գյուրջյանը (81 կգ) երկամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)` 5-րդ, իսկ Իզաբելլա Յայլյանը (55 կգ)` 7-րդ։
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


