Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչները հիմնականում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:
Մանուել Պետրոսյանը միավորը կիսեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի, Ռոբերտ Հովհաննիսյանը` մոլդովացի Ալեքսանդր Մոթիլևի, Էմին Օհանյանը` գերմանացի Ռասմուս Սվանեի, Արամ Հակոբյանը` իտալացի Դանիելե Վոկատուրոյի, Գաբրիել Սարգսյանը` լեհ Յան Մալեկի, Մամիկոն Ղարիբյանը` ադրբեջանցի Այդին Սուլեյմանլիի հետ:
Շանթ Սարգսյանն էլ սև խաղաքարերով պարտվեց լեհ Շիմոն Գումուլարժին: Հայաստանի ներկայացուցիչներից միակ հաղթանակը տարավ Էրիկ Գասպարյանը, որը սպիտակներով առավելության հասավ իսլանդացի Վիգնիր Ստեֆանսոնի նկատմամբ:
Այս պահի դրությամբ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը, երեքն էլ ունեն 6-ական միավոր և բաժանում են 4-22-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է, որը վաստակել է 7 միավոր: