Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգի պայքարը նույնպես հաջող էր Հայաստանի թիմի համար։
Սամվել Գասպարյանը կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Գարիկ Կարապետյանն արժանացավ բրոնզե մեդալի։
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գասպարյանը երկամարտում գրանցեց 396 կգ (180+216)։ 26-ամյա ծանրորդը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում դարձավ արծաթե մեդալակիր։
Այս քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 394 կգ (182+212) արդյունքով գրավեց երրորդ տեղը։ 20-ամյա Կարապետյանը լավագույնն էր պոկում վարժությունում, իսկ հրումում 5-րդն էր։
Եվրոպայի չեմպիոն դարձավ բելառուս Եվգենի Տիխոնցովը, որը գրանցեց երկամարտի 398 կգ (181+217) արդյունք։
Մրցումային նախավերջին` 8-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն նաև Պետրոս Պետրոսյանը (109 կգ, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:00-ից), Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը (երկուսն էլ` 87 կգ, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ից)։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալի է արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիանա Գյուրջյանը (81 կգ) երկամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)` 5-րդ, իսկ Իզաբելլա Յայլյանը (55 կգ)` 7-րդ։
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


