Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14.773 միավորով նվաճեց արծաթե մեդալ, իսկ Արթուր Ավետիսյանը 14.443 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Ասիլ Ադեմը, որը վաստակեց 14.933 միավոր:
Հիշեցնենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում:
Հայ մարզիկը վաստակել էր 14.266 միավոր: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Իռլանդիայի ներկայացուցիչ Ռիս Մակկլենագանը՝ 14.666 միավոր, իսկ բելգիացի Մաքսիմ Ջենջեսը նվաճել էր արծաթե մեդալ (14.566 միավոր):
Արթուր Դավթյանը բազմամարտում 82.695 միավորով զբաղեցրել էր չորրորդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Ասիլը (84.965 միավոր): Երկրորդ տեղը զբաղեցրել էր բրիտանացի Ջարման Ջեյքը (83.463): Լավագույն եռյակը եզրափակել էր ուկրաինացի Իլյա Կովտունը (83.032):
Ապրիլի 16-ին Արթուր Դավթյանը կմասնակցի նաև հենացատկի եզրափակիչին: Որակավորման փուլում նա լավագույն ցուցանիշով է նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր (15.066 միավոր):
Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էին նաև Գագիկ Խաչիկյանը և Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որոնք չեն հաղթահարել բազմամարտի ու նժույգ թափեր վարժության որակավորման փուլի արգելքը։