Երևանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկած, +109 կգ քաշայիններ Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում համապատասխանաբար նվաճեցին արծաթե ու բրոնզե մեդալ:
Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցեց 462 կգ (212+250) արդյունք, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ 440 կգ (195+245): Չեմպիոն հռչակվեց վրացի Լաշա Տալախաձեն՝ 474 կգ (222+252) արդյունքով:
Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը նախ՝ բարձրացրեց 240 կգ, երկրորդ փորձից ֆիքսեց 250 կգ կշռող ծանրաձողը և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Սիմոն Մարտիրոսյանը հրեց նախ՝ 235 կգ, ապա՝ 245 կգ, երրորդ մոտեցումից հրաժարվեց և վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը հաջողությամբ բարձրացրեց 205 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 212 կգ, սակայն 218 կգ-ը չկարողացավ ֆիքսել և նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Սիմոն Մարտիրոսյանը նախ՝ պոկեց 190 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 195 կգ, սակայն չկարողացավ ֆիքսել 200 կգ-ը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Եվրոպայի երևանյան առաջնությունում Հայաստանը երկամարտում նվաճեց 13 մեդալ՝ չորս ոսկե, չորս արծաթե, 5 բրոնզե, և մեդալային հաշվարկում գրավեց առաջին տեղը:
Մրցումային նախորդ օրերին Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ):
Տաթև Հակոբյանը (76 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարձել էին արծաթեմեդալակիր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ: