Logo

ԵԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

16:36 / 17.04.2023Ըմբշամարտ
null

Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 4-1 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Ալի Ռահիմեադայի նկատմամբ: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10-0 հաշվով հաղթելով Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտին: 

Թևանյանը կիսաեզրափակիչում կմրցի Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանի հետ: 

1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին և դուրս մնացել հետագա պայքարից։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվեց մոլդովացի Վասիլ Դյակոնին ու լքեց պայքարը։ 

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից, որն էլ պարտվել է հաջորդ գոտեմարտում։

Արման Ավագյանը (79 կգ)  պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ։

Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 18-ին։

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ