Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԱ 2022-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրում Բրազիլիայի հավաքականը չի կարողացել պահպանել հաղթական հաշիվն էկվադորցիների դեմ խաղում:
Այս խաղը ոչ այնքան առանձնացավ Բրազիլիայի հավաքականի՝ ընտրական այս ցիկլի երրորդ սայթաքումով, որքան խաղի ընթացքում տեղի ունեցած դաժան բախումներով: Բավական է միայն նշել այն, որ մինչև առաջին խաղակեսի երեսուներորդ րոպեն հանդիպման գլխավոր մրցավարը ցույց էր տվել այնքան(3) կարմիր քարտ, որքան, օրինակ, Մայքլ Օլիվերը կամ Էնթոնի Թեյլորը Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում սպասարկած 28 խաղում:
Գլխավոր մրցավարն այս խաղում գրպանից 4 անգամ հանեց կարմիրը. խաղադաշտից հեռացվեցին էկվադորի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Դոմինգեսը(16՛), Բրազիլիայի հավաքականի պաշտպան Էմերսոն Ռոյալը(20՛), իսկ Ալիսոն Բեկերին հարկավոր է առանձին անդրադառնալ:
Հատկանշական է, որ գլխավոր մրցավարի ցուցադրած 4 կարմիր քարտերից երկուսը չեղարկվեց VAR-ի կողմից, չեղարկումներ, որոնք հանգեցրին ռեկորդի: Այս խաղում երկու անգամ կարմիր քարտ ստացավ Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը, սակայն երկու դեպքում էլ VAR-ը միջամտեց, ու արդյունքում «Լիվերպուլի» առաջին համարը հանդիպումն ավարտեց ժամանակին: Ալիսոնը դարձավ պատմության առաջին խաղացողը, որը մեկ խաղում երկու անգամ հեռացվում է խաղադաշտից, ու երկու դեպքում էլ VAR-ը չեղարկում է հեռացումը:
Դոմինգեսը որոշել էր անցնել Կունյայի միջով (տեսանյութ)
Բարդ է ասել՝ Էկվադորի հավաքականի դարպասապահն այս դրվագում ինչ էր ուզում անել: Բրազիլիայի հավաքականի ու Մադրիդի «Ատլետիկոյի» 22-ամյա հարձակվող Մատեուս Կունյան, պայքարելով էկվադորցի երկու պաշտպանների հետ, փորձում էր դուրս գալ մեն-մենակ, սակայն դարպասապահ Ալեքսանդր Դոմինգեսն այլ պլաններ ուներ: 34-ամյա Դոմինգեսը որոշեց անձամբ կասեցնել մրցակցի առաջխաղացումը: «Միայն իմ դիակի վրայով» միտքը գլխում՝ դարպասապահն առաջ նետվեց ու, այսկողմ-այնկողմ չընկնելով, կարատեի հարվածով տապալեց մրցակցին: Լավ է, որ Կունյան ոչ միայն չափազանց լուրջ վնասվածք չստացավ, այլև կարողացավ շարունակել հանդիպումը մինչև 78-րդ րոպեին Գաբրիել Բարբոսայի փոխարինումը:
Էմերսոն Ռոյալը գնդակը շփոթել էր մրցակցի հետ (տեսանյութ)
Վերոնշյալ դրվագից 5 րոպե անց մարտական կարողություններն ապացուցելու հերթը «Բարսելոնայի» նախկին, «Տոտենհեմի» ներկայիս պաշտպան Էմերսոն Ռոյալինն էր: Իհարկե, Էմերսոնին այս դրվագում չես մեղադրի այնքան, որքան էկվադորցիների դարպասապահին նախորդ դրվագում, բայց հարվածը մնում է հարված, կարմիրն էլ ֆուտբոլում տարբեր երանգներ չունի:
Ալիսոնը ոտքով հարվածեց մրցակցի գլխին, բայց միայն գնդակին հարվածելուց հետո (տեսանյութ)
Նշված դրվագներից րոպեներ անց իր «ճկունությունը» ցույց տվեց նաև Բրազիլիայի հավաքականի դարպասապահը: «Լիվերպուլի» առաջին համարը ոտքը բառի բուն իմաստով իջեցրեց մրցակցի գլխին: Գլխավոր մրցավարն ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց Բեկերին, սակայն տեսակրկնությունը դիտելուց հետո չեղարկեց կարմիրը՝ բավարարվելով միայն դեղին քարտով զգուշացնելով: Բանն այն է, որ Ալիսոնն սկզբում հարվածել էր գնդակին, հետո միայն տհաճ անակնկալ մատուցել մրցակցին:
Ալիսոնը բռունցքներով հարվածեց մրցակցի դեմքին, բայց կրկին միայն գնդակին հարվածելուց հետո (տեսանյութ)
Ինչ-որ համեմունք կպակասեր այս ուտեստին, եթե հիմնական ժամանակին ավելացված րոպեներին տեղի չունենար պատմական իրադարձություն, որ ռեկորդ են կոչում: Եվ ահա Ալիսոն Բեկերը սեփական տուգանային հրապարակում այս անգամ բռունցքներով հարվածեց մրցակցին: Գլխավոր մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված, խաղադաշտից նույն խաղում արդեն երկրորդ անգամ հեռացրեց Ալիսոն Բեկերին, բայց VAR-ն իր հերթին նույն օրը՝ արդեն երկրորդ անգամ, չեղարկեց Ալիսոնի հեռացումը՝ դարձնելով նրան պատմության առաջին խաղացողը, որը նույն խաղում երկու կարմիր քարտ է ստանում, որոնք չեղարկվում են VAR-ի միջամտությունից հետո: Այս դրվագում ևս Ալիսոնն առաջինը հարվածել էր գնդակին: