«Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ֆուտբոլային կարիերայում ևս մեկ նշանակալի նվաճման հասավ:
«Արարատ-Արմենիայի» հետ առաջնության 3-րդ տուրից հետաձգված խաղում Մալաքյանը Fastex Պրեմիեր լիգայում 300-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: «Փյունիկի» 35-ամյա ավագը դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 20-րդ ֆուտբոլիստը ՀՀ առաջնությունների անցկացման 33-ամյա պատմության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Չարենցավանում «Վանի» հետ կայացած առաջնության մրցավեճում Մալաքյանը պաշտոնական մրցումներում 500-րդ խաղի հոբելյանն էր նշել:
Էդգար Մալաքյանն արդեն 19 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: Նա 16-րդ մրցաշրջանն է անցկացնում Fastex Պրեմիեր լիգայում՝ այդ ընթացքում կրելով Բարձրագույն խմբի 5 թիմերի մարզաշապիկները:

Էդգար Մալաքյանը «Փյունիկի» ֆուտբոլի մարզադպրոցի սան է, որի կազմում նորամուտը նշել է 2007թ. նոյեմբերի 10-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած առաջնության ավարտական տուրի խաղում: Նախորդ տուրում «Փյունիկը» 7-րդ տարին անընդմեջ պաշտոնապես գրանցել էր հերթական չեմպիոնությունը, ուստի Արմեն Գյուլբուդաղյանցը շիրակցիների դեմ խաղում խաղադաշտ էր դուրս բերել հիմնականում պատանի ֆուտբոլիստների: Նրանց թվում էր և 18-ամյա Էդգարը, որը 77-րդ րոպեին փոխարինել էր Արտակ Խաչատրյանին:
Հաջորդ մրցաշրջանում Մալաքյանն իր ցուցադրած խաղի շնորհիվ արժանացավ մարզիչների վստահությանը ու դարձավ թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը՝ մասնակցելով առաջնության 29 հանդիպումներից 28-ին, խփելով 2 գոլ: Գոլերի հաշիվը Մալաքյանը բացեց 2008թ. օգոստոսի 9-ին՝ «Բանանցի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ: Այդ մրցաշրջանում Մալաքյանն իր առաջին ոսկե մեդալը ստացավ:
Մինչև 2012թ. մայիս «Փյունիկում» խաղալիս Մալաքյանը թիմի կազմում դարձավ Հայաստանի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, մեկ անգամ էլ արժանացավ սուպերգավաթակրի տիտղոսին և արծաթե մեդալի:

Կարճ ժամանակահատված անցկացնելով չեխական «Վիկտորիա Պլզեն» և «Չեսկե Բուդյովիցե» թիմերում, Մալաքյանը 2013/14թթ. մրցաշրջանը դիմավորեց «Բանանցում», որի կազմում մասնակցելով առաջնության աշնանային հատվածին, կրկին մեկնեց Չեխիա: Հետագայում նա կես մրցաշրջան խաղաց «Ալաշկերտում» (2014/15թթ.), ապա տեղափոխվեց «Շիրակ» (2014/15-2015/16թթ.), որի կազմում մեկական արծաթե և բրոնզե մեդալի արժանացավ: Հետո Մալաքյանը կրկին մեկնեց արտերկիր: էդգարը նախ խաղաց Ուկրաինայի առաջնությունում՝ հանդես գալով Դնեպրոձերժինսկի և Կամյանսկի համանուն «Ստալում», ապա տեղափոխվեց ղազախական «Ժետիսու», կարճ ժամանակաշրջան էլ անցկացրեց ռումինական «Պետրոլուլում»:
2019թ. ամռանը Մալաքյանը վերադարձավ «Շիրակ», որի կազմում մասնակցեց 2019/20թթ. առաջնությանը: Հաջորդ մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը շիրակցի իր մի խումբ խաղընկերների հետ տեղափոխվեց «Արարատ», որի կազմում 3-րդ անգամ վայելեց Հայաստանի գավաթը նվաճելու բերկրանքը:

2023թ. հունվարին Էդգար Մալաքյանը 11 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ «Փյունիկ»՝ կրկին կրելով հարազատ ակումբի մարզաշապիկը: Վերադարձը նշանավորվեց արծաթե մեդալի նվաճմամբ: 2023/24թթ. առաջնությունը հաջող էր «Փյունիկի» համար, որը 16-րդ անգամ չեմպիոն հռչակվեց, իսկ Մալաքյանը իր 4-րդ ոսկե մեդալը նվաճեց:
FastNews-ը ներկայացնում է Fastex Պրեմիեր լիգայում 300 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցուցանիշները:
|
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
|
1. Հովհաննես Թահմազյան |
461 |
|
2. Տիգրան Դավթյան |
409 |
|
3. Արտակ Գրիգորյան |
404 |
|
4. Հրայր Մկոյան |
392 |
|
5. Սարգիս Հովսեփյան |
365 |
|
6. Արթուր Քոչարյան |
357 |
|
7. Գևորգ Կասպարով |
348 |
|
8. Արտակ Եդիգարյան |
347 |
|
9. Արարատ Հարությունյան |
336 |
|
10. Կարեն Մուրադյան |
330 |
|
11. Արսեն Ավետիսյան |
329 |
|
12. Կարեն Ալեքսանյան |
324 |
|
13. Տարոն Ոսկանյան |
322 |
|
14. Արտյոմ Ադամյան |
320 |
|
15. Նորայր Գրիգորյան |
319 |
|
16. Կարեն Սիմոնյան |
314 |
|
17. Տիգրան Հովհաննիսյան |
305 |
|
18. Արամ Բարեղամյան |
304 |
|
19. Գագիկ Դաղբաշյան |
301 |
|
20. Էդգար Մալաքյան |
300 |


