Լաս Վեգասում կայացավ UFC Fight Night 251-ը: Օրվա գլխավոր մենամարտը Ջարեդ Կանոնյեի ու Գրեգորի Ռոդրիգեսի միջև էր: Ջարեդ Կանոնյեն հրաշալի պայքար առաջարկեց բրազիլացուն և չորրորդ ռաունդում հասավ վաղաժամ հաղթանակի։
Ռոդրիգեսը բավական լավ տպավորություն թողեց առաջին ռաունդում: Բրազիլացին հիանալի մենամարտում էր կանգնած դիրքում ու փորձում էր օգտագործել իր հնարավորությունները: Նա երբեմն նաև թեյքդաունի փորձեր էր կատարում, երբ հասկանում էր, որ կարող է վտանգավոր հարվածներ բաց թողնել: Փորձառու Կանոնյեն ուղղակի համբերատար սպասում էր և ուսումնասիրում էր մրցակցին՝ գիտակցելով, որ «Ռոբի-Կոպը» չի կարող ուժերը հավասար բաշխել ռաունդների միջև:

Արդեն երկրորդ ռաունդի վերջնամասում զգացվում էր, որ բրազիլացին շնչառական խնդիրներ ունի։ Երրորդ ռաունդում Ջարեդն իր մարզչից հուշում ստացավ, որ Ռոդրիգեսն ուժասպառ է եղել և առարկայական գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է։ Ջարեդը ակտիվացավ ու սկսեց հավասար պայքար առաջարկել մրցակցին։
Մենամարտը տեղափոխվեց չորրորդ ռաունդ, որտեղ Կանոնյեն օգտագործեց իր փորձն ու ֆիզիկական պատրաստվածությունը։
Ջարեդի նախորդ 5 մենամարտերից 4-ը տեղափոխվել էր 5-րդ ռաունդ, այնպես որ Կանոնյեն պատրաստ էր իրադարձությունների նման զրագացման: 4-րդ ռաունդում Կանոնյեն հիշեց հին ու բարի ժամանակներն և տեխնիկական նոկաուտի ենթարկեց Գրեգորի Ռոդրիգեսին:
ԱՄՆ ներկայացուցչի հաղթանակը բավական տպավորիչ էր, բայց երեկոյի գլխավոր զարդը հայ մարտիկ Էդմեն Շահբազյանի նոկաուտով հաղթանակն էր Դիլան Բուդկայի հետ պայքարում:
Էդմենն առանց մրցակցին ուսումնասիրելու գնաց գրոհելու ու առաջին աջ կողային հարվածով գետնին տապալեց նրան:
Շահբազյանը գրագետ գործեց և դիպուկ հարվածներ հասցրեց Բուդկային: Արդյունքում՝ մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Էդմեն Շահբազյանին:

Հայ մարտիկը փայլուն հաղթանակ տարավ ու արդարացրեց UFC-ի կազմակերպիչների սպասելիքները:
Մենամարտին ներկա էր նաև թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը, որն իվենթի ավարտից հետո նոր հաջողություններ մաղթեց Էդմեն Շահբազյանին:
UFC-ի մրցաշարերը՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


