VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելգրադում կայացած հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է սերբական «Ցրվենա Զվեզդայից» 0-5 հաշվով կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում:
«Շնորհավորում եմ մրցակցին արժանի հաղթանակի կապակցությամբ։ Սա հաճելի հաշիվ չէր։ Հաշիվը, այո, մի տեղ համապատասխանում էր խաղին, որովհետև մրցակցի որակը բարձր էր։
Կարծում եմ, որ մեր մարտավարությունը ճիշտ էր ընտրված, կարողանում էինք ճիշտ փակել մրցակցին և հակագրոհել, բայց խաղը ցույց տվեց, որ արագությունը ժամանակակից ֆուտբոլում մեծ գումարների հետ է կապված։
Որակը նաև արագության մեջ է, քանի որ մենք խեղճացանք։ Հակագրոհների ժամանակ չէինք կարողանում արագությունը, իրենց հարձակումները փակել, բայց կաշխատենք վերլուծել խաղը, պատասխան խաղին ավելի պատրաստված լինել և իրենց ուժեղ կողմերին դիմակայել։
«Փյունիկն» արդեն որակավորման երրորդ փուլում է և այստեղ միայն համարձակությամբ և կազմակերպվածությամբ չես կարող հաջողության հասնել։ Պետք են անհատական՝ որակյալ առջևի գծի ֆուտբոլիստներ, որ կարողանան լուծել խնդիրը։
Հովհաննես Հարությունյանն ինքը խնդրեց փոխարինվել, անհարմարություն էր զգում, դրա համար փոխարինեցի։ Նա շատ լավ հանդես եկավ և ես գոհ եմ նրա խաղից։
Փոխարինման դուրս եկած մյուս ֆուտբոլիստներից ոչ բոլորից եմ գոհ, բայց ես կվերլուծեմ նրանց գործողություններն ու այդ ժամանակ ավելի կոնկրետ կասեմ։ Կան ֆուտբոլիստներ, որոնք օգնեցին, կան ֆուտբոլիստներ, որոնք վնաս տվեցին՝ փոխարինման դուրս գալուց հետո։
Շատ բաներ պլանավորածի պես եղավ թիմային աշխատանքի հարցում, պարզապես անհատապես զիջեցինք և բոլոր այն վտանգները, որ ունեցանք մեր դարպասին, անհատական մեծ որակներ ունեցող մրցակցի շնորհիվ էր։
Հաջորդ փուլից առաջ աշխատում ենք համալրումների ուղղությամբ, այդ գործընթացի մեջ ենք, մենք ուշացրել ենք սելեկցիան, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։
Վստահ եմ, որ այս խաղի արդյունքը հոգեբանորեն չի անդրադառնա մեզ վրա։ Մենք օգոստոսի 9-ին այս պարտությունը կմոռանանք և ճիշտ կպատրաստվենք տնային հանդիպմանը։
Երևանյան խաղում մենք պետք է ցույց տանք ավելի լավ ֆուտբոլ և ավելի ճիշտ պատրաստվենք։ Այս հաշիվը պետք է ավելի զայրացնի մեզ և ավելի հավաքված, ավելի տնային ոգով դիմավորենք մրցակցին։ Մենք պրոֆեսիոնալներն ենք և պետք է ճիշտ մոտենանք յուրաքանչյուր խաղին»,- ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ «Փյունիկի» ու «Ցրվենա Զվեզդայի» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Այս զույգի հաղթողը որակավորման փլեյ-օֆֆ փուլում ուժերը կչափի «Մաքաբի Հաիֆա» (Իսրայել) - «Ապոլոն» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղում «Մաքաբին» հաղթել է 4-0 հաշվով։
«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողին:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկխաղյա դիմակայությունում հաղթահարել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3), իսկ երկրորդ փուլում պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1):
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու շնորհիվ «Փյունիկն» առնվազն ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։


