Logo

Եղիշե Մելիքյան. «Շերիֆի» արգելքը հաղթահարելը մեր ուժերից վեր չէ» (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:24 / 17.08.2022• ՍՊՈՐՏ
Եղիշե Մելիքյան-Շերիֆ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում խոսել է Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման մասին:

«Ինչպես նկատեցիք՝ մեր ֆուտբոլիստները շատ համեստ են, բայց ես գիտեմ, որ նրանք ունեն այդ վստահությունը։ «Փյունիկը» պատրաստ է պայքարելու և՛ հոգեբանորեն, և՛ տակտիկապես, և՛ ֆիզիկապես։

«Շերիֆի» արգելքը հաղթահարելը մեր ուժերից վեր չէ։ Իրական է, բայց շատ դժվար կլինի։ Մենք ցանկանում ենք փորձել պայքարել, որովհետև այսքան աշխատանք ենք տարել և ուզում ենք չբավարարվել այսքանով։

Ցանկանում ենք շարունակել մեր հաղթանակները. ցանկությունը շատ մեծ է։ Վերլուծել ենք մրցակցին։ Վաղը կաշխատենք փակել նրանց ուժեղ կողմերը, որովհետև մրցակիցն անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունի։ 

Տակտիկապես գրագետ թիմ է «Շերիֆը»։ Նրանց վերաբերյալ միայն լավ բաներ կարող եմ ասել։ Եթե չկարողանանք իրականացնել մեր խաղային ծրագիրը, ապա մրցակիցը մեծ խնդիրներ կառաջացնի մեզ համար։ 

Դրա համար պետք է ճիշտ պատրաստվել։ Այդ դեպքում մենք կարող ենք փակել նրանց ուժեղ կողմերը և օգտագործել նրանց թույլ կողմերը։ Վերլուծել ենք մրցակցին և վաղը պարզ կդառնա՝ ինչքանով է դա աշխատելու։ Մենք պատրաստ ենք վաղվա խաղին։

Մեզ համար ընդունելի կլինի միայն հաղթանակը։ Մենք այստեղ պետք է ավելի վստահ զգանք մեզ, քանի որ տնային հանդիպում ենք անցկացնում։ Տանը պետք է ինչ-որ խնդիր լուծենք, որ դա մեզ վստահություն հաղորդի՝ պատասխան խաղի ժամանակ։ 

Եթե մենք չկարողանանք լուծել վաղվա խնդիրը՝ արտագնա խաղում շատ դժվար կլինի։ Այնուամենայնիվ, «Կլուժի» հետ դիմակայությունը ցույց տվեց, որ արտագնա խաղում մենք ավելի լավ ենք լուծում խնդիրը։ Դա նույնպես պետք է հաշվի առնել, բայց մենք չենք ցանկանա գործը հասնի դրան։

Մեր մեկնարկային կազմը հիմա ավելի լավ վիճակում է, և ես դրանից ելնելով եմ ասում, որ մենք դրան պատրաստ ենք։ Աստված մեզ հետ։ Կա նաև հաջողության գործոնը և հույս ունեմ, որ լավ հանդես կգանք ու կուրախացնենք մեր երկրպագուներին։ Ես նրանց կխնդրեմ մեզ հետ լինել և օգնել մեզ։ Մենք շատ ունենք նրանց կարիքը։

«Շերիֆը» խաղաոճով, խաղամակարդակով նման է «Կլուժին»։ Լուրջ մրցակից է, և մենք պետք է վաղը շատ չարչարվենք՝ լուրջ հաջողություն գրանցելու համար։ Մեզ համար շատ դժվար է լինելու։

Ակումբներում միշտ լինում է ռոտացիա, սելեկցիա, բայց ակումբի ուժը բյուջեի մեջ է։ Ֆուտբոլիստները գալիս ու գնում են, սակայն լավ բյուջե ունենալու դեպքում կարողանում է ռոտացիա կիրառել ու չթուլացնել իր դիրքերը։

«Շերիֆը» մեզ հետ համեմատած, մի քանի անգամ շատ բյուջե ունի, այդ պատճառով, եթե անգամ նրանցից 10-11 «որակյալ տղաներ» գնացել են, 10-11 «որակյալ տղաներ» եկել, նրանց բյուջեն չի քչացել։ Ուստի, վստահ եմ, որ նրանք անգամ այդ դեպքում լուրջ թիմ հավաքած կլինեն։

Ես համաձայն եմ, որ «Շերիֆի» ուժեղ կողմը ֆինանսականն է ու ֆուտբոլիստների միջին երիտասարդ տարիքը, բայց «Փյունիկն» ունի իր ուժեղ կողմը. մենք ունենք թիմային ոգի, ունենք մարտական տրամադրություն։ Մենք վաղը ցույց ենք տալու մեր առավելագույնն ու վերցնենք մեր առավելագույնը։ Մեր թիմային ոգին բարձր է և մենք վաղը պայքարելու ենք։

Տեղի ունեցած իրադարձություններին մենք հետևում ենք, մենք սգում ենք։ Սուրմալուում կատարվածը բոլորիս համար ողբերգություն է, բայց եթե սա լիներ VBET Հայաստանի Պրեմիեր լիգան, մենք կարող էինք որոշում կայացնել ու բոլորովս խնդրել՝ չեղարկել խաղը։

Պարզապես միջազգային հանդիպումներում մենք չենք որոշում կայացնողը և այս հարցում մեզ մնում է միայն մասնակցելը՝ ուզենք, թե չուզենք։ Մենք մասնակցում ենք, բայց պարտվելու դեպքում տխուր է լինելու։ Բոլորս միասին, ազգովի, պետք է միասնական լինենք ու այս տխուր պահին որոշ չափով ուրախացնենք մեր թիմին։

Ես Հայաստանում էի, երբ պատերազմ սկսվեց։ Այդ ժամանակ մենք շարունակում էինք առաջնությունում խաղալ։ Մենք այդ ժամանակ նույնպես տխուր էինք, բայց ցանկանում էինք մեր հաղթանակներով ուրախացնել մեր ժողովրդին։

Սա սպորտ է։ Կյանքը շարունակվում է, և մենք պետք է շարժվենք առաջ։ Իմ ցանկությունն այն է, որ մարզադաշտ եկող երկրպագուներն ավելի զուսպ լինեն, քանի որ մեր ակումբին կարող են որակազրկել այս խաղերից։

Մենք ունենք Ձեր օգնության կարիքը, սակայն, եթե պետք է գաք խանգարելու նպատակով՝ խնդրում եմ չգալ։ Առանց այն էլ, մենք ունենք լուրջ մրցակից, որը ցանկանում է մեզ խանգարել։ Պետք չէ ավելորդ խնդիրներ ստեղծել։

Երբ երեխաները խաղադաշտ են ներխուժում, մենք մեծ գումարներ ենք վճարում։ Ավելի լավ է մենք չմուծենք այդ տուգանքը, և դա մնա մեր ակադեմիային, մեր երեխաներին։

Միգուցե նրանք չեն հասկանում պահի լրջությունը։ Ծնողներին խնդրում եմ լինել ավելի աչալուրջ, քանի որ հարցը շատ է լրջանալու։ 

«Շերիֆը» ճկուն թիմ է։ Բարդ է վերլուծել այդ թիմին։ Նրանք պարզունակ ֆուտբոլ չեն խաղում։ Մենք շատ ենք չարչարվել՝ նրանց թույլ և ուժեղ կողմերը գնահատելու համար։ Մնում է այդ ամենը ցույց տանք խաղադաշտում և կարողանանք մեր ծրագրած գործողությունները կատարել։ Մենք լուրջ, դժվար թիմի հետ գործ ունենք։

Մեր թիմից հեռացել են 10 ֆուտբոլիստներ և մոտ այդքան խաղացող եկել է։ Որևէ ֆուտբոլիստի հեռանալուց հետո մենք ավելի ուժեղին ենք գտել կամ չենք կարողացել դա անել»,- ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը։

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):

«Շերիֆին» հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3):

Երկրորդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:

Յուրչենկո. «Մենք մաքսիմալիստ ենք և միշտ ցանկանում ենք ավելին»

«Փյունիկի» նախախաղային վերջին մարզումը՝ VNews-ի ֆոտոշարքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ