Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում խոսել է Էստոնայի գավաթակիր «Նարվա Տրանսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման մասին, փոխանցում է VNews-ի թղթակիցը։
«Լավ պատրաստվել ենք «Նարվա Տրանսի» դեմ խաղին, վերլուծել ենք մրցակցին: Նախապատրաստվելու համար բավականին ժամանակ ունեինք, լավ աշխատանք ենք տարել: Ֆուտբոլիստները մարտական են տրամադրված, կա վստահություն: Պետք է լուրջ մոտենանք խաղին, քանի որ մրցակիցը վտանգավոր է: Մրցակցի մարզիչը նոր է, դիտել ենք նրանց անցկացրած վերջին 5 խաղերը:
Գոհ չեմ ակումբի սելեկցիոն աշխատանքից, բայց մեղավորներից մեկը ես եմ: Կարող էինք ավելի ուժեղ կազմ ունենալ, բայց սա էլ վատը չէ:
Լուկա Յուրիչիչի ապագայի վերաբերյալ հստակ բան չեմ կարող ասել, քանի որ տրանսֆերային պատուհանը դեռ բաց է: Նորեկները դեռ պետք է հարմարվեն թիմին:
Հաղթելու մեծ շանսեր ունենք «Նարվա Տրանսի» դեմ խաղում, եթե ստացվի իրագործել մեր պատրաստած ծրագիրը»,- նշել է Եղիշե Մելիքյանը:
«Փյունիկ» - «Նարվա Տրանս» հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին Աբովյանի քաղաքային ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Էստոնիայում:
Այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը։


