ՖԻՖԱ-ից «Ռեալին» հայտնել են, որ չեն հասկանում, թե ինչու են մրցավարները «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ մամուլի ասուլիս անցկացրել, հայտնում է El Chiringuito-ն։
Ասուլիսում հանդիպման մրցավար նշանակված Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան արտասվել է «Ռեալի» ակումբային հեռուստաալիքի արած հայտարարության մասին խոսելիս և նշել. «Երբ դպրոցում երեխայիդ ասում են, որ հայրդ «գող» է, և նա տուն է գալիս արցունքներն աչքերին, շատ ծանր հարված է»։
Խաղի VAR համակարգի պատասխանատու Պաբլո Գոնսալես Ֆուերտեսն էլ հայտարարել էր, որ «Արքայական ակումբի» հեռուստաալիքի հրապարակումները լուրջ հետևանքներ են ունենալու։
Հանդիպման մրցավարական անձնակազմի նշանակումից հետո «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը Դե Բուրգոս Բենգոեչեայի մասնակցությամբ սխալների տեսանյութ էր հրապարակել։
Մադրիդյան գրանդը Դե Բուրգոս Բենգոեչեայի ու Գոնսալոս Ֆուերտեսի հայտարարություններից հետո խիստ դժգոհել էր։ ԶԼՄ-ներում գրում էին, թե «Ռեալը» նույնիսկ պատրաստվում է բոյկոտել եզրափակիչն ու չմասնակցել խաղին, սակայն «Արքայական ակումբը» պաշտոնապես հերքեց այդ լուրը։
«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
Kanał Sportowy. Շիմոն Մարցինյակն «Էլ Կլասիկոն» սպասարկելու առաջարկ է ստացել


