Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Այդ մասին FastNews-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Այժմ սպասում ենք, որ ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որ ամեն ինչ պաշտոնական լինի»,- զրույցում նշել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում ծնված Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 78-րդ տեղը։ Այս ամիս նա մասնակցել էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնությանը, որտեղ 3 հաղթանակ տանելուց հետո պայքարն ավարտել էր 1/8 եզրափակիչում։ 21-ամյա թենիսիստուհին «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչ հասել էր նաև նախորդ տարի։