Հույզերս աննկարագրելի են, քանի որ հաղթեցինք առաջին անգամ անցկացվող մրցաշարում և հայտնվեցինք շախմատային պատմության էջերում։ VNews-ի թղթակցի հետ զրույցում գրոսմայստեր Էլինա Դանիելյանն այդպես մեկնաբանեց իր ելույթը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված կայծակնային շախմատի զույգերով խաղի Եվրոպայի առաջնությունում։ Նա և Շանթ Սարգսյանն օրերս դարձել էին Եվրոպական խաղերի շրջանակում կազմակերպված այդ յուրօրինակ մրցման հաղթող։
«Ի սկզբանե սա գրավիչ և հետաքրքիր մրցաշար էր, քանի որ առաջին անգամ էր անցկացվում նման ձևաչափով և բացի այդ՝ տեղի էր ունենում Եվրոպական խաղերի շրջանակում։ Ի դեպ, կազմակերպիչները վճռականորեն տրամադրված են առաջ մղել շախմատն Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու գաղափարը։ Այս առաջնությունն անցկացվեց որպես Եվրոպական խաղերի շրջանակում կազմակերպված հարակից մրցումը, ինչն արձանագրված է նաև մեդալների վրա առկա գրառմամբ։ Մրցաշարն անցկացվեց երկու փուլով։ Շրջանաձև մրցակարգով մրցման արդյունքներով կանանց և տղամարդկանց հաշվարկի 4-ական լավագույն խաղացողները պայքարը շարունակեցին փլեյ-օֆֆում։ Այդ փուլում ես բաժանեցի 2-3-րդ տեղերը, իսկ Շանթը ելույթն ավարտեց 4-րդ հորիզոնականին։ Կիսաեզրափակիչում 2։0 հաշվով հաղթեցի իսրայելցի Մարսել Եֆրեմսկիին, որից, ի դեպ, առաջին փուլում կրել էի մրցաշարում միակ պարտությունս։ Իսկ Շանթը կիսաեզրափակիչում 1,5։0,5 հաշվով տպավորիչ առավելության հասավ լեհական շախմատի առաջատար Յան-Կրիշտոֆ Դուդայի նկատմամբ։ Եզրափակիչում դարձյալ 2։0 հաշվով պարտության մատնեցի ադրբեջանուհի Գյունայ Մամեդզադեին։ Շանթն էլ եզրափակիչում երկու պարտիաներում պարտվեց հոլանդացի Բենջիամին Բոկին։ Չնայած դրան՝ թիմային հաշվարկով հաղթող հռչակվեցինք և նվաճեցինք ոսկե մեդալներ»,- պատմեց Էլինա Դանիելյանը։

Կանանց Հայաստանի հավաքականի առաջատարը նշեց, որ այս անգամ բավականին հեշտությամբ նվաճեց տիտղոսը։
«Ամեն ինչ շատ սահուն ընթացավ, խաղում էի վերելքով ու հաճույքով։ Շրջանային փուլում անցկացրած 7 պարտիաներից պարտվեցի միայն մեկում։ Պարտվեցի ոչ թե խաղով, այլ ժամանակը սպառելու պատճառով։ Վերջում նույնիսկ չհասցրեցի քայլ կատարել։ Եզրափակիչում նույնպես լարված չէի։ Կարծում եմ՝ դա մեծ առավելություն ապահովեց ինձ։ Հույզերս աննկարագրելի են, քանի որ հաղթեցինք առաջին անգամ անցկացվող մրցաշարում և հայտնվեցինք շախմատային պատմության էջերում։ Ուրախ եմ, որ ինձ հաջողվել է դառնալ շախմատի բոլոր մրցաձևերի Եվրոպայի չեմպիոն։ Կարող եմ ասել, որ կայծակնային շախմատը նման է վիճակախաղի. այստեղ մեծ է հաջողության գործոնը։ Իսկ դասականը, իհարկե, ավելի բարդ է։ Խաղում ես ժամեր շարունակ, իսկ մրցաշարերը տևում են օրեր, նույնիսկ՝ շաբաթներ։ Ամեն դեպքում, տիտղոսը մնում է տիտղոս։ Հաղթելը միշտ էլ մեծ երջանկություն է։ Մանավանդ հիմա, երբ բոլորն էլ լավ խաղում են, ունեն առաջադիմելու հնարավորություն»,- ասաց Էլինա Դանիելյանը։
Շախմատիստուհին հայտնեց, որ հայրենիք վերադառնալուց հետո մտադիր է մի փոքր հանգստանալ և պատրաստվել օգոստոսի վերջին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, որին յուրաքանչյուր հավաքականի կազմում ներկայանալու է 4 տղամարդ, 1 կին, մեկ երիտասարդ շախմատիստ և մինչև 2000 գործակից ունեցող մեկ խաղացող։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը նույնպես մեկնաբանեց հայկական զույգի հաղթանակը։
«Մրցաշարին մասնակցում էին Եվրոպայի 8 առաջատար շախմատային երկրների ընտրյալ խաղացողները։ Հավաքվել էր տպավորիչ կազմ։ Հենց սկզբից անչափ լարված պայքար էր ծավալվել, քանի որ մրցումը տևում էր մեկ օր և յուրաքանչյուր միավոր ուներ շատ բարձր արժեք։ Լարվածությունը շատ մեծ էր։ Անշուշտ, շատ ուրախ ենք, որ այդ պարագայում կարողացանք այդպիսի բարձր նվաճում գրանցել։ Մրցում էին այնպիսի շախմատիստներ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր հաղթող դառնալ։ Սակայն, հաջողությունն ուղեկցեց մեր թիմին։
Էլինան և Շանթը իսկապես հիանալի խաղացին և կարողացան դրսևորել անչափ բարձր շախմատային որակներ։ Էլինան շատ հավասար անցկացրեց մրցաշարը, խաղում էր վստահ և անկաշկանդ։ Կարծում եմ՝ նա իրոք լավագույնն էր։ Իսկ Շանթը, իմ կարծիքով, վերջին մրցամարտում շատ հոգնած էր, որովհետև մի քանի օր առաջ էր վերադարձել մեկ այլ մրցաշարից։ Նրա ուժերը մինչև վերջ չբավարարեցին։ Այնուհանդերձ, կարողացավ անչափ կարևոր և փայլուն հաղթանակ տանել գլխավոր ֆավորիտներից մեկի՝ Դուդայի նկատմամբ։ Դա լուրջ իրադարձություն էր»,- ընդգծեց Սմբատ Լպուտյանը։


