Գերբնական ո՞ւժի առկայություն, թե՞ պարզապես խելացի մտածված սպանություն…
Տարօրինակ դեպքերի ու մահերի այսօրվա աշխարհում դեռ լինում են դեպքեր, որոնք ավելի մեծ աղմուկ են բարձրացնում ու ավելի առեղծվածային «շունչ» հավաքում իրենց շուրջը: Սրանք հիմնականում այնպիսի դեպքերն են, որոնք չունեն բացահայտվելու համար ոչ մի հուշում: Մի այսպիսի անլուծելի ու առեղծվածային մահ է հենց այս երիտասարդ աղջկանը՝ Էլիզա Լեմինը: Նրա այս անբացատրելի պատմությունը ոչ մի տրամաբանական լուծում չի կարողանում գտնել ու հենց այդ պատճառով մինչ օրս դրա մասին շարունակում են խոսել:
Որտե՞ղ է Էլիզան
2013թ.-ի հունվարին 21-ամյա կանադացի ուսանողուհի Էլիզա Լեմը ժամանեց ԱՄՆ: Նրա նպատակն էր գնալ Սան Դիեգո, ապա Լոս Անջելես, Սանտա Քրուզ ու վերջապես հասնել Սան Ֆրանցիսկո: Նա ճանապարհորդում էր միայնակ՝ օգտվելով գնացքներից ու ավտոբուսներից՝ մի կետից մյուսը հասնելու համար: Ճանապարհորդության սկզբնական շրջանում նա պարբերաբար կապվում էր իր ընտանիքի անդամների, ընկերների հետ, իր սոց. էջերում հրապարակում լուսանկարներ: Հունվարի 26-ին նա վերջապես հասնում է Լոս Անջելես:
Նա համար է վարձում “Cecil” հյուրանոցում, որտեղ սկզբում պետք է մնար մի քանի այ մարդկանց հետ: Սակայն շուտով առանձին սենյակ է տեղափոխվում, երբ մարդիկ սկսում են բողոքել իր «տարօրինակ» պահվածքից: Հանկարծ հունվարի 31-ին նա միանգամից անհետանում է. դադարում է հրապարակումներ անել, շփվել ընտանիքի հետ: Ծնողները հայտնում են նրա անհետացման մասին, այնուհետև ժամանում Լոս Անջելես որոնումներին մասնակցելու համար: Ոստիկանությունը որոնումներ է սկսում ողջ հյուրանոցով մեկ՝ նույնիսկ տանիքում, նկուղում, պահեստում: Այլ վայրերում նրա հետքը նույնպես չկար: Թվում էր՝ նա անհետացել է երկրի երեսից:
Ընդամնենը մի քանի բան է պարզվում. հյուրանոցի աշխատակիցներն ասում են, որ Լեմը լավ տրամադրություն ուներ անհետանալու օրը, իսկ դրա հարևանությամբ գտնվող գրախանութի աշխատողը հաստատում է նրանց ասածը: Բացի սրանից այլևս ոչինչ պարզ չէր:
Այնուհետև գտնվում է հյուրանոցի վերելակի տեսախցիկի միջոցով տեսագրված հոլովակը. ամեն ինչ ավելի է խառնվում:

Նա անհետացել է
Վիդեոյում երևում է, թե ինչպես է Լեմը մտնում վերելակ: Նրա պահվածքը հենց սկզբից մի փոքր տարօրինակ է: Նա արագ մի քանի կոճակ է սեղմում, բայց ի զարման բոլորի դռները չեն փակվում: Նա զգուշանում է մի բանից, կարծես իրեն հետևում են: Երբ դռները շարունակում են բաց մնալ, նա մի քանի անգամ դուրս է նայում, այնուհետև քաշվում վերելակի մի անկյունն ու թաքնվում: Նրա հայացքն ուղղվում է դեպի միջանցք: Այնուհետև նա ձեռքերով փակում է ականջները՝ կարծես ինչ-որ ձայներ է լսում: Հետո իջեցնում է ձեռքերն ու թվում է՝ ինչ-որ մեկի հետ է խոսում. մեկի, որին տեսախցիկը չի կարողանում ֆիքսել: Նա ձեռքերով տարօրինակ շարժումներ է անում, դրանք սարսափելի ճանկերի պես ցցում, ծալում: Վերելակի դռները ողջ ընթացքում բաց են մնում: Հետո նա գնում է վերելակի ձախ կողմն ու կարծես վերելակի դռները հենց դրան էին սպասում. դրանք փակվում են: Սա վերջին անգամն է, երբ նրան տեսել են:
Այս տարօրինակ հոլովակը միանգամից տարածվում է համացանցում ու բոլորը սկսում են միանգամից մտածել, որ այն սարսափ ֆիլմ է հիշեցնում: Ի՞նչն էր նրա այդ տարօրինակ պահվածքի պատճառը, ո՞ւմ հետ էր խոսում նա, ինչպե՞ս անհետացավ:
Նրան գտնում են… մեռած
Այս ամենի մասին տարբեր տեսակետներ կան: Դրանցից մեկը պնդում է, որ նրան հետևում էին: Դա կմեկնաբաներ նրա այդպիսի պահվածքը: Մեկ այլ վարկածում ասվում է, որ հնարավոր է նա թմրանյութերի ազդեցության տակ էր:
Հետագայում սակայն պարզվեց, որ Լեմն արդեն երկար ժամանակ է, ինչ տառապում էր դեպրեսիայով ու շիզոֆրենիայով, ու հնարավոր է հենց սա էր պատճառն այդպիսի պահվածքի: Սակայն ինչպե՞ս կբացատրվի այդ դեպքում նրա մահը:
Էլիզա Լեմի տարօրինակ անհետացումից մի քանի շաբաթ անց հյուրանոցում ժամանակավորապես ապրող մարդիկ սկսեցին բողոքել ջրի թույլ ճնշումից ու տարօրինակ համից: Փետրվարի 19-ին մի աշխատակից ուղարկեցին հյուրանոցի ջրի տակառները ստուգելու համար: Երբ աշխատակիցը բացեց տակառներից մեկը, գտավ Էլիզա Լեմի դիակը: Նա ամբողջովին մերկ էր՝ պատված ավազի նման մի նյութով, իսկ իր հագուստն ու իրերը ջրի մակերեսին լողում էին: Նա այդտեղ էր գտնվում արդեն մի քանի շաբաթ:
Սա ինքն իրենով տարօրինակ էր, քանի որ տանիքը լավ ազդանշանային համակարգ ուներ, որոնցից և ոչ մեկը չէր ահազանգել, կամ վնասվել: Տակառներն էլ բավականին բարձր էին գտնվում ու կարճահասակ Լեմը չէր կարողանա հասնել դրանց: Հետաքննությունից հետո էլ պարզվեց, որ աղջիկը ոչ արբած էր, ոչ թմրանյութերի ազդեցության տակ, ոչ էլ վնասվածք ուներ: Ուրեմն ի՞նչ էր պատահել:
Հայտնի տեղեկություններն ու բացակայող փաստերը ստիպել են մարդկանց մտածել, որ Լեմի այս պատմությունն ինչ-որ գերբնական երևույթի հետ է կապված: Ասում են նրա մեջ չար ուժ էր մտել: Սա կարող է բացատրել նրա անկայուն ու վախեցնող շարժումները, ինչպես նաև այն, որ վերելակի կոճակները չէին սեղմվում: Մի մասը կարծում է, որ նրա մեջ չար ուժ չէր մտել, այլ նա փորձում էր փախչել դրանից: Շատերը պնդում են, որ, եթե ուշադիր նայենք հոլովակը, նրա կողքին մի շողք կտեսնենք՝ այդ չար ուժին:
Մի քանի համընկնումներ էլ են գտնվել, որոնք այս պատմությունն ավելի են շփոթեցնում: Դրանցից մեկն է 2002թ.-ի “Dark Water” ֆիլմը, որը մի երիտասարդ ճապոնուհու մասին է, որը մահանում է ջրի տակառի մեջ ընկնելով: Նա խորտակվում է, իսկ այդ ջուրը տարածվում է շենքում և իր ոգին սկսում է սարսափի մատնել բնակիչներին:
Մի շարք մարդիկ էլ ասում են, որ հոլովակում երևում է, թե ինչպես է Լեմը հավաքում «14, 10, 7, 4, B և Block/Hold» կոճակները: Սա համընկնում է մի կորեական խաղի հետ՝ “The Elevator Game”, ըստ որի վերելակի կոճակների այս հերթականությունը սեղմելով մարդիկ կարող են հայտնվել տարբեր աշխարհներում:
Հետաքրքրական է նաև այն, որ ուսանողուհու Tumblr-ի էջը իր մահվանից մոտ 6 ամիս անց դեռ շարունակում էր թարմացվել: Գուցե այլ մարդիկ էին անում դա, գուցե հենց ինքը՝ Էլիզան… ավելի շուտ նրա չարացած հոգին:
Ամեն դեպքում, Էլիզա Լեմի այս առեղծվածային մահը դեռ շարունակում է մնալ վերջին ժամանակների չբացահայտված պատճառ ունեցող մահերից մեկը: Հավատալ առաջարկված վարկածներն, թե ոչ` որոշեք ինքներդ: Սակայն չհավատալու դեպքում, խորհուրդ ենք տալիս չծաղրել ոգիներին… մեկ էլ տեսար…

