Logo

Էլմիրա Կարապետյան. «Հոգեբանորեն պատրաստ էի մրցանակային տեղի համար պայքարին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:30 / 13.03.2023Հրաձգություն
Բացառիկ
null

Էստոնիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Էլմիրա Կարապետյանը գոհ է իր ելույթից։ Երևանցի մարզուհին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նախապես տրամադրված էր պայքարել մրցանակային տեղերի համար, իսկ արդյունքը գուցե ավելի բարձր կլիներ, եթե չզգացվեր մրցափորձի պակասը։

Օդամղիչ ատրճանակ, 10 մետր (60 կրակոց) մրցաձևի որակավորման փուլում Էլմիրա Կարապետյանը, խոցելով 577 նիշ, երրորդ տեղով դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ 250 միավորով մնաց երրորդ տեղում։ Իսկ չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակեցին նրանից համապատասխանաբար 4,7 և 2,3 միավոր ավելի վաստակած հույն Աննա Կորակակին և Ֆրանսիան ներկայացնող Կամիլ Ջեդրզեևսկին։

«Ելույթիցս գոհ եմ, կարծում եմ՝ արդյունքս բավարար էր։ Մրցակիցներիս զիջեցի աննշան տարբերությամբ։ Հավանաբար, զգալ տվեց փորձի պակասը։ Նրանք ավելի հաճախ են մասնակցում տարբեր կարգի մրցումների և եզրափակիչներում կրակելու համեմատաբար հարուստ փորձ ունեն։ Դա որոշիչ գործոն է։ Այնուհանդերձ, նախապես տրամադրված էի ներգրավվելու մեդալների համար պայքարին։ Երրորդ արդյունքով լավագույն ութնյակում ընդգրկվելուց հետո այդ երազանքս ավելի իրական ուրվագծեր ստացավ։ Հոգեբանորեն պատրաստ էի պայքարին։ Կարո՞ղ էի ավելի բարձր դիրքում հայտնվել, կարծում եմ՝ այո։ Այդ առումով, թերևս, որոշիչ էին վերջին 5 կրակոցները»,- հայտնեց 28-ամյա նշանառուն։

Էլմիրա Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ սկսում է պատրաստվել հունիսին Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական երրորդ խաղերին։ Այդ ընթացքում նախատեսված են նաև միջազգային ստուգողական մրցաշարեր, որոնց մասնակցելու հարցը դեռևս հստակեցման կարիք ունի։

Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Եվրոպայի առաջնությանը Հայաստանի թիմը մասնակցել էր 8 մարզիկով և նվաճել մեկ մեդալ։ Էլմիրա Կարապետյանն առայժմ Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որը նվաճել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ