Արվեստագետ Էնդի Ուորհոլի հիմնադրամը պարտվել է ԱՄՆ Գերագույն դատարանում հեղինակային իրավունքի վերաբերյալ դատը, հայտնում է Reuters-ը։
Գործը շահել է լուսանկարիչ Լինն Գոլդսմիթը: Նա մեղադրել է նկարչին երգիչ Փրինսի՝ իր արած լուսանկարն առանց թույլտվության «Նարնջագույն արքայազնը» կտավում օգտագործելու համար։
ԱՄՆ Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Նյու Յորքի 2-րդ շրջանային դատարանի որոշումը, ըստ որի՝ Ուորհոլի աշխատանքը՝ հիմնված Գոլդսմիթի 1981 թվականի լուսանկարի վրա, չի հանդիսանում հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործության բարեխիղճ օգտագործում։
Գոլդսմիթը հիմնադրամի դեմ հայց է ներկայացրել դեռ 2017 թվականին։ Լուսանկարչի խոսքով՝ հեղինակային իրավունքի խախտման մասին նա իմացել է 2016 թվականին երգիչ Փրինսի մահից հետո։


