«Էվերթոնի» 21-ամյա անգլիացի վինգեր Էնթոնի Գորդոնը մարզական կարիերան կշարունակի «Նյուքասլում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել նոր թիմի հետ: Կողմերի համաձայնագրից մանրամասներ չեն հաղորդվում: Չի հաղորդվել նաև գործարքի արժեքը: Այնուամենայնիվ հատկանշական է, որ Transfermarkt-ը Գորդոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:
Հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում Էնթոնի Գորդոնը «Նյուքասլի» առաջին ձեռքբերումն է:

«Միշտ համոզված եմ եղել, որ «Նյուքասլն» ինձ համար է: Կարծում եմ՝ քաղաքն ու երկրպագուներն իսկապես համապատասխանում են ինձ: Զգում եմ, որ ինձ համար սա մեծ քայլ է: Մարդիկ դեռ չգիտեն, թե ինչի եմ ես ընդունակ»,- «Նյուքասլի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Գորդոնը պայմանագիր կնքելուց հետո:
Էնթոնի Գորդոնը ծնվել է Լիվերպուլում, կարիերան սկսել է «Էվերթոնի» ակադեմիայում: Հիմնական թիմում նա նորամուտը նշել է 2017 թվականին, իսկ 2020 թվականին՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում, նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում:
Գորդոնը 2021 թվականի փետրվարին վարձավճարով միացել է «Պրեստոնին», իսկ նույն թվականի մայիսին վերադարձել է «Էվերթոն»: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է 16 խաղի, խփել 3 գոլ, զգուշացվել 6 դեղին քարտով:



