Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան ուրախ է, որ իր հայրենակից Թայսոն Ֆյուրին չի կարողացել դառնալ ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն:
«Ուրախ եմ, որ Ֆյուրին բացարձակ չեմպիոն չէ, ես պարզապես կարծում եմ, որ նա ապուշ է: Ֆյուրին շատ անհարգալից պահվածք է դրսևորում: Անհարգալից վերաբերմունք դրսևորեց նաև Ալեքսանդր Ուսիկի նկատմամբ՝ նրան անվանելով փոքրիկ նապաստակ»,- Ջոշուայի խոսքը մեջբերում է The Independent-ը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ուկրաինացի անպարտելի բռնցքամաարտիկ, WBA,WBO, IBO, IBF գոտիների տիրակալ Ալեքսանդր Ուսիկը (22-0) Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էր Ֆյուրիին՝ նրանից վերցնելով նաև WBC չեմպիոնական գոտին և դառնալով ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն:
Դա Ֆյուրիի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում: 35-ամյա բրիտանացին նախորդ 35 մենամարտերում տարել էր 34 հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի:


