Logo

Երբ անդունդում են լավագույնները. թոփ ակումբների վատագույն մրցաշրջանները

Հեղինակ
Արամ Սահակյան
13:00 / 23.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Մոլորակի ուժեղագույն ակումբներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացնում է իր պատմության մեջ վատագույն մրցաշրջաններից մեկը: Մարզիչ փոխելուց հետո իրավիճակն առնվազն արդյունքների տեսանկյունից չի շտկվում: Էրիկ տեն Հագի հետնորդ Ռուբեն Ամորիմն արդեն բացեիբաց խոսում է մրցաշրջանի սարսափելի ընթացքի մասին.

«Գուցե սա պատմության մեջ վատագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է: Դուք վերնագրեր եք ուզում, ստացե՛ք այն: Մենք չպետք է խուսափենք այս իրողությունից, այլ պետք է առճակատվենք դրան ու հաղթահարենք դա»,- ասաց նա «Բրայթոնի» դեմ խաղից հետո:

«Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին 13-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: Սա իսկապես անդունդի հատակ է թվում «Կարմիր սատանաների» երկրպագուների համար: Ամորիմի խոսքերը FastNews-ին ստիպեցին թերթել ֆուտբոլային պատմության էջերն ու բացահայտել, թե որոնք են եղել թոփ ակումբների վատագույն մրցաշրջանները:

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»

Եկե՛ք սկսենք հենց «Ման. Յունայթեդից»: Պրեմիեր լիգայի պատմության մեջ նրանց վատագույն արդյունքը եղել է նախորդ մրցաշրջանում, երբ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ նրանք ավարտեցին առաջնությունն ութերորդ տեղում: Սակայն գավաթի խաղարկության եզրափակիչում երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» հաղթելը որոշակիորեն փոխհատուցեց առաջնության անհաջող արդյունքը:

Ամորիմի խոսքերը կարելի է մեջբերել, բայց չառերեսվել իրական պատմության հետ չենք կարող: «Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ ավելի ծանր մրցաշրջաններ է ունեցել: 1921/22 և 1930/31 թվականների մրցաշրջանում «Յունայթեդը» եզրափակեց ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզոնը: Հենց այսպես էր ժամանակին կոչվում բարձրագույն լիգան ֆուտբոլի հայրենիքում: Առաջնությանը մասնակցում էին 22 թիմեր: Այս երկու մրցաշրջաններում էլ «Յունայթեդը» զբաղեցրեց վերջին տեղն ու հրաժեշտ տվեց բարձրագույն դիվիզիոնին:

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»

Իսպանիայի ու Եվրոպայի ամենատիտղոսակիր ակումբը հազվադեպ է ունենում վատ մրցաշրջաններ: «Ռեալը», «Բարսելոնան» և «Աթլետիկը» Լա լիգայի միակ թիմերն են, որոնք երբեք չեն լքել Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնը:

«Ռեալի» վատագույն դիրքը Լա լիգայում եղել է 11-րդը 1947/48 մրցաշրջանում: Դրանից ցածր հորիզոնական «Արքայական ակումբը» երբեք չի զբաղեցրել: Հատկանշական է, որ 21-րդ դարում «Ռեալը» երբեք դուրս չի մնացել լավագույն քառյակից: Նրանց ամենացածր դիրքն այս դարում եղել է 2003/04-ին, երբ չեմպիոն դարձավ «Վալենսիան», իսկ նրանք եզրափակեցին լավագույն քառյակը:

«ԲԱՐՍԵԼՈՆԱ»

Իսպանական մյուս գրանդի՝ «Բարսելոնայի» վատագույն մրցաշրջանը տեսնելու համար ևս պետք է հետ գնալ մինչև 1940-ականներ: Կատալոնացիները 1941/42 մրցաշրջանն Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում ավարտեցին 12-րդ տեղում:

Այդ տարի Իսպանիայի առաջնությանը մասնակցում էին 14 թիմեր: 11-ից 14-րդ տեղերը զբաղեցրած թիմերն անցկացնում էին անցումային խաղեր, պարտվողները նահանջում էր Սեգունդա: «Բարսելոնան» անցումային մրցավեճում հաղթեց «Մուրսիային» 5-1 հաշվով ու պահպանեց տեղը բարձրագույն դիվիզիոնում: Սա միակ դեպքն է «Բլաուգրանայի» պատմության մեջ, որ նրանք այդքան մոտ են եղել բարձրագույն դիվիզիոնից դուրս մնալուն:

«ԲԱՎԱՐԻԱ»

Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը «Բավարիան» է: Նրանք այնքան են հաղթել Բունդեսլիգան, որ նախորդ տարի չեմպիոն չդառնալն աննորմալ երևույթ էր թվում: Սակայն եղել են ավելի ծանր օրեր, քան պարզապես չեմպիոն չդառնալը:

«Բավարիայի» վատագույն տարին Գերմանիայի ֆուտբոլային բարձրագույն դիվիզիոնում եղել է 1991/92 մրցաշրջանում: Այդ տարի «Բավարիան» եզրափակեց լավագույն տասնյակը: Գերմանիայում այդ մրցաշրջանում պատմության մեջ չորրորդ անգամ չեմպիոն դարձավ «Շտուտգարտը»: Ի դեպ, «Շվաբները» նախորդ մրցաշրջանում գերազանցեցին «Բավարիային» ու դարձան Գերմանիայի փոխչեմպիոն: «Բավարիան» երրորդն էր:

«ՄԻԼԱՆ»

Չեմպիոնների լիգայի ամենատիտղոսակիր երկրորդ ակումբը՝ «Միլանը», Ա Սերիայում նախորդ մրցաշրջանի արդյունքով տիտղոսների քանակով զիջեց քաղաքի մյուս թիմին՝ «Ինտերին»: Այժմ «Ռոսոներին» Չեմպիոնների լիգայում գավաթների քանակով հետ է «Ռեալից», իսկ Սկուդետոյով՝ «Յուվենտուսից» ու «Ինտերից»:

Իսկ ահա վատագույն մրցաշրջանը «Միլանի» համար եղել է 1981/82-ին, երբ նրանք հրաժեշտ տվեցին Ա Սերիային: Այդ մրցաշրջանում ևս չեմպիոն դարձավ «Յուվենտուսը», իսկ «Միլանը» 16 թիմերի պայքարում զբաղեցրեց 14-րդ տեղն ու նահանջեց Բ Սերիա: «Միլանի» հետ երկրորդ դիվիզիոն նահանջեցին նաև «Կոմոն» ու «Բոլոնիան»:

«ԻՆՏԵՐ»

Իտալիայի գործող չեմպիոնը՝ «Ինտերը» ևս ունեցել է բարդ մրցաշրջաններ: «Ներաձուրիի» համար ամենացածր դիրքն Ա Սերիայում եղել է 13-րդը: Դա տեղի է ունեցել 1993/94 մրցաշրջանում: «Ինտերն» ընդամենը մեկ միավորով  էր առաջ վտանգավոր գոտուց: Նրանք պահպանեցին տեղն Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում:

«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»

Իտալական ֆուտբոլում ամենատիտղոսակիր ակումբը՝ «Յուվենտուսն» ունեցել է շատ ծանր մրցաշրջաններ նույնիսկ 21-րդ դարում: 2005/06 մրցաշրջանում «Բիանկոներին» հայտնվեց իտալական ֆուտբոլի ամենախոշոր սկանդալում՝ «Կալչիոպոլիում», ինչի հետևանքով «Յուվենտուսից» հանեցին այնքան միավոր, որ նրանք տեխնիկապես հայտնվեն մրցաշարային աղյուսակի 20-րդ տեղում ու նահանջեն Բ Սերիա:

Եթե հանենք սկանդալներն ու կրճատված միավորները, «Յուվենտուսի» վատագույն մրցաշրջանը կլինի 60-ականներին: 1962 թվականին նրանք Իտալիայի առաջնությունն ավարտեցին 12-րդ տեղում՝ ընդամենը վեց միավորով առաջ լինելով վտանգավոր գոտուց: Այդ տարի Իտալիայում չեմպիոն դարձավ «Միլանը», իսկ «Բոլոնիան» եզրափակեց լավագույն քառյակը ճիշտ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում:

«ԼԻՎԵՐՊՈՒԼ»

Կալչիոյից վերադառնանք կալչիոյի հայրենիք: Պրեմիեր լիգայի ներկայիս առաջատարի՝ «Լիվերպուլի» վատագույն մրցաշրջաններն Անգլիայի առաջնությունում եղել են 1993/94-ին և 2012/13-ին: Երկու դեպքում էլ մերսիսայդցիներն ավարտել են մրցաշրջանն 8-րդ տեղում:

Պրեմիեր լիգա անվանումից առաջ առաջնությունում «Լիվերպուլի» վատագույն մրցաշրջանը եղել է 1953/54-ը: Նրանք այդ տարի զբաղեցրին 22-րդ տեղն ու լքեցին Անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնը: Ի դեպ, հենց այդ մրցաշրջանում իր պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի չեմպիոն դարձավ «Վուլվերհեմփթոնը»: «Գայլերը» 50-ականներին երեք անգամ հաղթել են առաջնությունը:

«ԱՐՍԵՆԱԼ»

«Արսենալը» ևս «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Լիվերպուլի» պես ունեցել է սարսափելի մրցաշրջաններ, բայց դա տեղի է ունեցել 20-րդ դարում: «Արսենալի» դեպքում պետք է գնալ նախորդ դարի սկիզբ: 1912/13 և 1924/25 մրցաշրջաններում նրանք եղել են 20-րդը:

1912/13-ում «Արսենալը» դեռ հին անվանումով էր հանդես գալիս՝ «Վուլվիչ Արսենալ»: 20-րդ տեղում առաջնությունն ավարտելուց հետո նրանք նահանջեցին երկրորդ դիվիզիոն: 1914 թվականին ակումբի անունը փոխվեց՝ դառնալով «Արսենալ»: Իսկ 1924/25-ին նրանք, զբաղեցնելով 20-րդ տեղը, դուրս չմնացին առաջնությունից, քանի որ մասնակցում էին 22 թիմեր:

ՊՍԺ

«Պարի Սեն Ժերմենը» եվրոպական գրանդերից ամենաերիտասարդ ակումբն է: Այն հիմնադրվել է 1970 թվականին: Նրանց առաջին ձախողված մրցաշրջանը եղել է 1971/72-ին: ՊՍԺ-ն զբաղեցրեց 16-րդ տեղը: Այդ դիրքում հայտնվելը նրանց պետք է պահեր բարձրագույն դիվիզիոնում, սակայն ադմինիստրատիվ հարցերի պատճառով ակումբը նահանջեց երրորդ դիվիզիոն:

21-րդ դարում ՊՍԺ-ի վատագույն տարին գրանցվել է 2005/06 մրցաշրջանում: Դրանից հետո Կատարի շեյխերը գնեցին ակումբը, և սկսվեցին փարիզյան թիմի պատմության ամենալուսավոր էջերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ